Զուրաբիշվիլին հայտարարում է՝ մնալու է նախագահ և շարունակելու է իր աշխատանքը դեկտեմբերի 29 -ից հետո

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մնալու է նախագահ և շարունակելու է իր աշխատանքը դեկտեմբերի 29 -ից հետո, քանի որ Վրաստանի նախագահական ընտրությունները, ինչպես նաև կիրակի օրը նախատեսված երդմնակալությունն իրավական ուժ չունեն։

Իսկ թե ինչ ծրագրեր ունի երդմնակալության օրվա համար, Զուրաբիշվիլին չի բացահայտել։

Դեկտեմբերի 29-ին իշխող «Վրացական երազանքը» կկատարի ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը, որի լեգիտիմությունը չեն ճանաչում Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և որոշ արևմտյան քաղաքական գործիչներ:

Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի շենքում։ Արարողությանը հրավիրված չեն գործող նախագահը, ընդդիմությունը և նույնիսկ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։

Ավելի վաղ ընդդիմությունը Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ էր արել դեկտեմբերի 29-ից հետո մնալ նախագահական նստավայրում։ Ընդդիմախոսներն իրենց աջակցությունն են հայտնել գործող նախագահին և հայտարարել, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում նախագահական նստավայրում մնալ նրա հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի նախագահը նոր ընտրություններ է պահանջում, վարչապետն ի պատասխան բանտով սպառնում «72-ամյա կնոջը»