Գերմանիայի արևմուտքում Զոլինգեն քաղաքում տոնակատարության ժամանակ դանակով զինված անձը հարձակվել է մարդկանց վրա։ Նրա հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել՝ մեկ կին և երկու տղամարդ, առնվազն 8-ը վիրավորվել է, 5-ի վիճակը ծանր է, այսօր առավոտյան հաղորդել է ոստիկանությունը։
Հանցագործը փախուստի է դիմել։ Ոստիկանությունը փնտրում է նրան։
Կանցլեր Օլաֆ Շոլցը X սոցցանցում գրել է, որ հանցագործը պետք է արագ հայտնաբերվի և պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։
Զոլինգենը նշում էր քաղաքի հիմնադրման 650-րդ ամյակը։ Անհայտ անձը ուրբաթ երեկոյան հարձակումը գործել է մարդաշատ հրապարակում համերգային բեմի դիմաց հավաքված մարդկանց վրա։ Մինչև օգոստոսի 25-ը նախատեսված համերգները ու տոնակատարությունները չեղարկվել են։
«Այսօր մենք բոլորս Զոլինգենում շոկի մեջ ենք, սարսափ և մեծ տխրություն։ Մենք ցանկանում էինք միասին տոնել մեր քաղաքի տարեդարձը, բայց հիմա պետք է սգանք զոհվածների ու վիրավորների համար», - Ֆեյսբուքում գրել Զոլինգենի քաղաքապետը։