Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ սկսել են զանգվածային գերիների փոխանակում: Այն, ինչպես սպասվում է, կլինի իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումը Սառը պատերազմի ավարտից ի վեր: Bloomberg-ը, Sky News-ը, CNN-ը և արևմտյան այլ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ փոխանակումն ընթանում է Ռուսաստանում մի քանի քաղբանտարկյալների անհետանալուց հետո:
23:25
Բացի ԱԴԾ գնդապետ Վադիմ Կրասիկովից, Ռուսաստանին են փոխանցվել նաև լրտես Պավել Ռուբցով / Պաբլո Գոնսալեսը, հաքեր Ռոման Սելեզնևը, գործարար Վլադիսլավ Կլյուշինը, մաքսանենգ Վադիմ Կոնոշչենկոն, ինչպես նաև Տրոմսոյի Արկտիկական համալսարանի աշխատակից Միխայիլ Միկուշինը, ով ներկայացել է որպես Բրազիլիայի քաղաքացի Խոսե Ասիս Ջամմարիա, հայտնում է Настоящее Время-ն:
23:11
ԱՄՆ կառավարությունը հրապարակել է լուսանկար, որում պատկերված են Գերշկովիչը, Կուրմաշևան և Ուիլանը ինքնաթիռում՝ նշելով, որ նրանք տուն վերադառնալու ճանապարհին են: Կարա-Մուրզան պետք է թռչեր Գերմանիա, սակայն նա զանգով Բայդենին ասել է, որ հույս ունի շուտով այցելել ԱՄՆ:
22:13
21:59
Գերմանիան, Լեհաստանը, Սլովենիան, Նորվեգիան և Թուրքիան «մեզ հետ կանգնեցին», ասել է Բայդենը։ «Նրանք ընդունեցին համարձակ և խիզախ որոշումներ, ազատ արձակեցին իրենց երկրներում պահվող բանտարկյալներին, որոնք արդարացիորեն պահվում էին, և նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերեցին ամերիկացիներին տուն վերադարձնելու համար», - նշել է Բայդենը:
Նա ասել է, որ գերիների փոխանակումը պահանջում է «զգալի զիջումներ» Գերմանիայից, որն ազատ է արձակել ԱԴԾ գնդապետ Վադիմ Կրասիկովին, որը դատապարտվել է 2019 թվականին Բեռլինում նախկին չեչեն զինյալի սպանության համար։
21:36
Ռուսաստանի կողմից ազատ արձակված բանտարկյալների ընտանիքի մի քանի անդամներ, այդ թվում՝ «Ազատություն» ռ/կ լրագրող Ասլու Կուրմաշևայի ամուսինը՝ Պավել Բուտորինը, ով նույնպես աշխատում է, և նրանց երկու դուստրերը՝ Բիբին և Միրիամը, միացել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մամուլի ասուլիսի ժամանակ։
Բայդենն այսօր ասուլիսում ասել է, որ բանտարկյալների փոխանակումը «անհավանական թեթևացում» էր նրանց ընտանիքների համար և որ նրանք Օվալաձև սենյակից հեռախոսով զրուցել են իրենց հարազատների հետ:
21:26
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ТАСС-ի հաղորդմամբ, ասել է.- «Ես կարծում եմ, որ մեր բոլոր թշնամիները պետք է մնան [արտերկրում], և բոլոր նրանք, ովքեր մեր թշնամիները չեն, պետք է վերադառնան: Դա իմ տեսակետն է»:
20։20
Փոլ Ուիլանը, Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան այժմ Ռուսաստանից վերադառնում են ԱՄՆ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա շնորհակալություն է հայտնել այս գործարքին օգնած կողմերին, մասնավորապես՝ Գերմանիային, Լեհաստանին, Նորվեգիային և Սլովենիային, ինչպես նաև Թուրքիային, որ «տարածք է տրամադրել այդ անձանց ԱՄՆ և Գերմանիա անվտանգ վերադարձի համար»:
19:51
«Ազատության» լրագրող Ալսու Կուրմաշևան, WSJ-ից Էվան Գերշկովիչը, քաղգործիչ Կարա-Մուրզան և նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը փոխանակվողների թվում են, հայտարարել է Սպիտակ տունը:
19։31
Անկարայի միջազգային օդանավակայանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների խոշորածավալ փոխանակում է տեղի ունեցել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 26 մարդ է փոխանակվում։
18։00
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հայտարարում է, որ ինքն է համակարգում կալանավորների լայնածավալ փոխանակումը, որում ներգրավված են միանգամից հինգ պետություններ՝ մի կողմից՝ Ռուսաստանը և Բելառուսը, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սլովենիան։
17:31
«Ազատ Եվրոպա-Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է՝ ողջունում ենք թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի ազատ արձակման մասին լուրը:
16:50
Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է՝ Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով դատապարտված ԱՄՆ քաղաքացիներ, լրագրող Էվան Գերշկովիչն ու նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը ազատ են արձակվել և այս պահին գտնվում են Ռուսաստանի տարածքը լքող օդանավում։ Գործակալությունը որևէ հավելյալ մանրամասներ չի ներկայացնում։
Bloomberg -ը միայն նշում է, որ Գերշկովիչն ու Ուիլանը ազատ են արձակվում կալանավորների լայնածավալ փոխանակման շրջանակներում, որում մի քանի երկրներ են ներգրավված։ Bloomberg-ը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային, գրում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան ազատ կարձակվի փոխանակման շրջանակներում։
Գործակալության տվյալներով՝ գործարքի շրջանակներում ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ռուսաստանին կհանձնեն արևմտյան բանտերում պահվող ռուսաստանցիների: Այս հաղորդագրության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
15:40
CNN-ը պնդում է, որ փոխանակումը տեղի է ունենում «հենց հիմա»՝ նշելով՝ բացի ԱՄՆ-ից և Ռուսաստանից ներգրավված է նաև Գերմանիան։
Վաշինգտոնում, Մոսկվայում պետական պաշտոնյաներ չեն մեկնաբանել փոխանակման հնարավորությունը:
«Ես դեռևս մեկնաբանություն չունեմ այս թեմայի վերաբերյալ», - օգոստոսի 1-ին լրագրողների հարցին պատասխանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազդակներ կան․ հնարավոր է բանտարկյալների խոշոր փոխանակում լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև