Ուկրաինան պատրաստ է 30-օրյա ռազմական գործողությունների դադարեցմանը օդում, ծովում և ցամաքում, նախօրեին մամուլի ասուլիսում, ամփոփելով Ջիդդաում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման արդյունքները, վերահաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շեշտելով՝ այժմ ժամանակավոր հրադադարի հաստատումն ամբողջությամբ կախված է Ռուսաստանի որոշումից։
Զելենսկին ընդգծել է՝ և՛ Ուկրաինան, և՛ ԱՄՆ-ն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը հրադադարի հեռանկարի վերաբերյալ։ Նա կոչ է արել Վաշինգտոնին՝ «կատարել խոստացածը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում, ռազմական աջակցություն Ուկրաինային, եթե Մոսկվան չընդունի հրադադարի առաջարկը։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։
Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։
Թրամփը նախօրեին տեղեկացրեց, որ ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների՝ հույս հայտնելով, որ կհաջողվի զինադադարի համաձայնություն կնքել։ Թրամփը նախազգուշացրել է՝ եթե Մոսկվան համաձայնության չգա Կիևի հետ, Վաշինգտոնը կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք «կործանարար կլինեն Ռուսաստանի համար»։
Կրեմլն առայժմ չի մեկնաբանում 30-օրյա հրադադարի վերաբերյալ առաջարկը՝ նշելով, թե ԱՄՆ-ից «մանրամասներ դեռ չի ստացել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Ռուսաստանը մերժի հրադադարի համաձայնությունը, խիստ պատժամիջոցներ կկիրառենք. ԱՄՆ սենատոր