Զելենսկին ուրբաթ օրը կայցելի Բեռլին, Շոլցին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»․ Bild

Զելենսկի-Շոլց հանդիպում Բեռլինում, 11-ը հունիսի, 2024թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը կժամանի Բեռլին, կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հաղորդում է գերմանական Bild-ը։

Ըստ հրապարակման՝ Զելենսկին Շոլցին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը», որը նա արդեն Նյու Յորքում ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Bild-ը նշում է, որ խոսքը, մասնավորապես, ռազմավարության մասին է, որով Ուկրաինան կկարողանա այնպիսի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որ կստիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Bild-ը նշում է, որ Զելենսկին նախատեսում է նաև այդ ծրագիրը ներկայացնել Հռոմին ու Փարիզին։ Իսկ Բեռլինում Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաև դաշնության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։

Շոլցի և Զելենսկու հանդիպումը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին «Ռամշտայն»-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովը կլիներ Ուկրաինային ամենաբարձր մակարդակով զենք մատակարարող երկրների խմբի առաջին հանդիպումը։ Սակայն այդ խմբի հանդիպումը հետաձգվեց, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Միլթոն» փոթորիկով պայմանավորված հետաձգեց այցը Գերմանիա։ Հենց Բայդենն էլ պետք է գլխավորեր գագաթնաժողովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միլթոն» փոթորկի պատճառով Բայդենն ու Բլինքենը հետաձգում են այցը Գերմանիա