Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու քաղաքական գործիչներն էլ այս մասին հայտարարել են սոցիալական ցանցերում։
Զելենսկին շնորհավորել է Թրամփին Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ և դատապարտել Փենսիլվանիայում տեղի ունեցած մահափորձը։
«Նրան ուժ և բացարձակ անվտանգություն մաղթեցի», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին՝ ռուսական ահաբեկչությանը դիմակայելու աջակցության համար։
«Ռուսական հարձակումները մեր քաղաքների և գյուղերի վրա շարունակվում են ամեն օր։ Մենք պայմանավորվեցինք նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել, թե ինչ քայլերով կարող ենք հասնել արդար և տևական խաղաղության», - գրել է Ուկրաինայի նախագահը։
Թրամփն էլ նշել է, որ «շատ լավ» զրույց է ունեցել Զելենսկու հետ՝ խոստանալով ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում «խաղաղություն բերել աշխարհին և վերջ տալ պատերազմին»։
«Երկու կողմերն էլ կկարողանան համախմբվել և բանակցել գործարքի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը», - Truth-ում գրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը՝ նախագահի թեկնածու, Բայդենը՝ ինքնաբացարկի շեմին