Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ Զելենսկու՝ Ֆիցոյի այցով պետք է հետաքրքրված լինեն, մասնավորապես, «Սլովակիայի իրավապահ մարմիններն ու հետախուզական ծառայությունները»։
«Ինչո՞ւ է այս ղեկավարն այդքան կախված Մոսկվայից, ինչպե՞ս են նրան վճարում և ինչպե՞ս է նա փոխհատուցում», - հարց է հնչեցրել Զելենսկին՝ նշելով, որ Ֆիցոյի գործողությունները կարող են վտանգել ոչ միայն Սլովակիայի, այլև ողջ Եվրոպայի անվտանգությունը։
Ֆիցեն Մոսկվա էր այցելել կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին՝ նշելով, որ աշխատանքային այցը Մոսկվա արձագանքն է Զելենսկուն, ով հայտարարել է, թե մտադիր է հունվարի 1-ից դադարեցնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Սլովակիա։
Սլովակիայի վարչապետի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Արևմուտք և Սլովակիա գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը։
Ֆիցոն հայտարարում է, որ Ուկրաինայում անհապաղ խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Նա ձեռնպահ է մնում Մոսկվային քննադատելուց՝ Ուկրաինա ներխուժման համար, փոխարենը քննադատում է Կիևին՝ նրան մեղադրելով «պատերազմը շարունակելու ցանկության» համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիցոն գազի տարանցման հարցով Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ