«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են․ Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու, արխիվ

Տրանսպորտային միջանցքները կամրապնդեն միջմայրցամաքային կապերը և կբարձրացնեն տարանցիկ փոխադրումների լոգիստիկ արդյունավետությունը, նախօրեին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ կրկին շեշտելով «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը:

Անկարան ցանկանում է տարածաշրջանում հզոր դերակատար լինել, ասել է թուրք նախարարն՝ ընդգծելով «Թուրքիայի դարի» իրենց տեսլականը։

«Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծից մինչև Զանգեզուր միջանցք», - ասել է թուրք նախարարը՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։

Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում հայտարարեց, թե «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է։

Երևանն ու Բաքուն այս հարցի շուրջ չորս տարի է՝ բանակցում են, բայց անարդյունք: Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին գրավոր առաջարկ է արել կոմունիկացիաների բացման հարցով. վարչապետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դեռ չի արձագանքել հաղորդակցությունների բացման հարցով Երևանի առաջարկներին. փոխվարչապետ