«Մենք արդեն ամեն ինչ քննարկել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մենք պետք է բարձրացնենք խաղաղության առագաստները», - ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օդանավում լրագրողների հետ զրույցում՝ Վաշինգտտոնից տուն վերադառնալու ճանապահին:
ԱՄՆ մայրաքաղաքում նա մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի կայուն խաղաղություն։ Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է խաղաղությանը»,- հավաստիացրել է Էրդողանը:
Նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմային, ասելով, որ դրա բացումը կլինի այս խաղաղ համաձայնագրի վերջնական քայլը և դրական արդյունքներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրների համար։
«Զանգեզուրի միջանցքը ռազմավարական է, այն օգուտ կբերի բոլոր կողմերին՝ Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին։ Երբ միջանցքը գործարկվի, այն կհեշտացնի գործը բոլորի համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս այդ միջանցքին։ Երբ երկաթուղային համակարգը գործարկվի, դա զգալի թեթևացում կբերի Ադրբեջանին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը և ընդգծել է խաղաղ գործընթացին միջազգային աջակցության կարևորությունը։
«Կարևոր է, որ մյուս երկրները նույնպես աջակցեն խաղաղ գործընթացին՝ հնարավորինս արագ կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը և միաժամանակ նշել է, որ Իրանի նախագահի հետ քննարկման ընթցքում «Զանգեզուրի միջանցքի» հարց չի արծարծվել, իսկ զրույցի հիմնական թեման եղել է ընտրություններում Իրանի նոր ղեկավար Մասուդ Պեզեշքիանի հաղթանակը։
«Մենք ցանկանում ենք թուրք-իրանական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Երևանը բազմիցս պնդել է՝ Ադրբեջանի պատկերացրած միջանցքը Երևանի համար կարմիր գիծ է, Հայաստանից տարածքային պահանջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան կրկին պնդում է՝ չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը