Մակրոնն ու Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսով զրուցել են

Էմանյուել Մակրոն, Բիձինա Իվանիշվիլի

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Վրացական երազանք»-ի հաղորդագրությունը։

«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

Ըստ հաղորդագրության՝ Մակրոնը «ցանկություն է հայտնել նպաստելու ստեղծված իրավիճակի լիակատար լիցքաթափմանը»՝ շեշտելով, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։

Իվանիշվիլին ողջունել է համատեղ ջանքերի գաղափարը։

Մակրոնն ու Իվանիշվիլին պայմանավորվել են առաջիկա օրերին կրկին զրուցել՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։

Ավելի ուշ պաշտոնական Փարիզը հաստատեց՝ զրույցը կայացել է Մակրոնի նախաձեռնությամբ։

Ըստ Ելիսեյան պալատի՝ Ֆրանսիայի նախագահը դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումները, խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնի գործողությունները։ Մակրոնը կոչ է արել ազատ արձակել կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց ու հարգել խոսքի ու հավաքների ազատությունը։

Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Ակցիաներն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում բողոքի ցույցերի 4-րդ գիշերը ևս անցավ բախումներով ու ձերբակալություններով