Politico պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրում է, որ ԵՄ արտգործնախարարները պատրաստվում են բոյկոտել օգոստոսի 28-ից 29-ը Բուդապեշտում նախատեսված գագաթաժողովը։
Այդ պլանին ծանոթ Եվրամիության երեք դիվանագետներ, իրենց անունները չհրապարակելու պայմանով, Politico-ին ասել են, որ այդ նույն օրերին Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների պաշտոնական խորհուրդ է հրավիրելու, ուստի նրանք չեն կարող մեկնել Բուդապեշտ։
«Բոյկոտելով ԵՄ արտգործնախարարների Բուդապեշտի գագաթաժողովը նրանք ցանկանում են հստակ ազդանշան ուղարկել, որ Հունգարիան չի խոսում ԵՄ անունից»,- Politico-ին ասել է դիվանագետներից մեկը։
Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։
Նա իր հանդիպումները անվանել է «խաղաղության առաքելություն»։ Սակայն Բրյուսելը հայտարարել է, որ նա ԵՄ անունից բանակցելու լիազորություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիայի նախագահությունն արդեն վնաս է հասցրել ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳՆ