Գազայի թիրախներին Իսրայելի օդային հարվածներից առնվազն 200 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է, որ134 վիրավորի օգնություն է ցուցաբերվել։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ տասնյակ թիրախներ է խոցել և «հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։
Իսրայելը նաև հաղորդել է, որ օդային հարվածներով չի սահմանափակվի։ Սա մեծացնում է հավանականությունը, որ իսրայելական ցամաքային ուժերը և՛ս վերսկսեն գործողությունները։
Գազայում օդային հարվածները վերսկսվել են մարտու լույս 18-ի գիշերը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ մարտերը չեն դադարի «մինչ պատանդները տուն չվերադառնան և Իսրայելը չհասնի իր բոլոր նպատակներին»։ Ընդգծելով, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չկա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքն է հրամայել վերսկսել օդային հարվածները։
Մարտերը վերսկսվել են հունվարի 15-ին հրադադարի շուրձ համաձայնություն ձեռք բերելուց երկու ամիս անց։ Համաձայնագրի շրջանակներում «Համաս»-ն առաջին փուլով ազատ է արձակել ավելի քան 30 իսրայելցի պատանդների՝ իսրայելական բանտերից մոտ 2 հազար պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։ Զինադադարի առաջին փուլն ավարտվել է երկու շաբաթ առաջ։ Շաբաթ օրը Իսրայելն ու «Համաս»-ն ակնարկել էին, որ պատրաստվում են հրադադարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին:
Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել «Համաս» խմբավորմանը, եթե վերջինս անհապաղ չվերադարձնի իսրայելցի պատանդներին և չհանձնի մահացածների մարմինները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Գազայի թիրախներին