Ըստ ՄԱԿ-ի՝ Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է

Ռուսական հարվածներից ավերված տուն Սումիում, 22-ը հոկտեմբերի, 2024թ․

2022-ի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով կամ մոտ մեկ քառորդով նվազել է, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Ֆլորենս Բաուերը՝ վկայակոչելով փախստականների արտահոսքը, ծնելիության անկումը և մարտերի հետևանքով մարդկային կորուստները։

«Պատերազմի անմիջական ազդեցությունը զգացվեց այն շրջաններում, որոնք պատերազմի պատճառով գրեթե անմարդաբնակ էին, գյուղեր, որտեղ մնացել էին միայն տարեցներ», - Ժնևում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Բաուերը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ճշգրիտ և ամբողջական հաշվառում հնարավոր է միայն պատերազմի ավարտից հետո։

Reuters-ը նշում է, որ Ուկրաինան 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման ժամանակ ուներ ավելի քան 50 միլիոն բնակչություն, իսկ այսօր երկրում ժողովրդագրական վիճակը վատթարացել է։ Ըստ լրատվամիջոցի՝ 2021 թվականին՝ ռուսական ռազմական ներխուժումից առաջ, Ուկրաինայում ապրում էր մոտ 40 միլիոն մարդ։

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պայթուցիկ խառնուրդ»․ Ուկրաինան փորձում է հաղթահարել մարդուժի ճգնաժամը ռազմաճակատում