Համապետական ընտրություններից մեկուկես տարի առաջ մի շարք քաղաքական ուժեր անհանգիստ են, թե իշխանությունն ընտրական օրենսգրքում փորձում է հակաժողովրդավարական և իր շահերից բխող փոփոխություններ անել։ Ընդդիմադիրներին զայրացրել է, մասնավորապես, ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը:
Այսօրվա խորհրդարանական լսումներում հիմնականում սրա վրա կենտրոնացան։ Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը կարծում է՝ իշխանությունն անգամ արտակարգ դրության համար պատճառներ կգտնի, եթե տեսնի՝ պարտվում է ընտրություններում:
«Պրակտիկայում մինչև 12։00-ն արդեն ունենում ենք ընտրությունների գրեթե նախնական պատկերը, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորումը, որը այդ պահին ձևավորել է կառավարությունը, առանց որևէ պատճառաբանության հայտարարում է երկրում արտակարգ դրություն, ասենք՝ կայծակ է եղել, և խափանվել է ատոմակայանի գործունեությունը», - ասաց նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Կառավարության հեղինակած փաթեթը սուր քննադատած «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանին հետաքրքրում էր՝ ինչ տրամաբանությամբ են նման կարգավորում առաջարկել:
«Չե՞ք կարծում, որ սա որևէ կառավարության կողմից կարող է բերել մի հնարավորության, երբ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման միջոցով, որը, ըստ էության, կառավարության բացառիկ լիազորությունն է առանց շատ կոնկրետ սահմանափակումների, ընդ որում եթե նույնիսկ գանք Ազգային ժողով և չեղարկենք այդ ռազմական կամ արտակարգ դրությունը, միևնույն է՝ այն այդ պահից արդեն գործում է, նման իրավիճակն անմիջապես բերում է ընտրությունների արդյունքի զրոյացման», - ասաց նա։
Արդեն առաջին ընթերցմամբ ընդունված կարգավորմամբ՝ իշխանությունն արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում հնարավորություն կունենա ընտրության օրվանից հետո յոթ օրվա ընթացքում կասեցնել գործընթացը, իսկ հետագայում անցկացնել նոր ընտրություններ: Սա, ըստ ընդդիմադիրների, կնշանակի զրոյացնել ժողովրդի կամքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական դրության դեպքում ընտրությունների կասեցման հնարավորությունը՝ քննադատության տակ
Դժգոհություններից հետո փաթերի հեղինակները որոշ փոփոխություններ են արել: Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը մանրամասնեց. -«Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է մինչև քվեարկության օրը՝ ժամը 20։00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվելու է, համապատասխան դրույթներից հետո վերսկսվելու է, և եթե դրությունները հայտարարվում են 20։00-ից հետո, այսինքն՝ մինչև ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը և արձանագրությունների կազմումը, ապա քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որոնցում հնարավոր է իրականացնել ամփոփում, որից հետո գործընթացը կրկին կասեցվում է»։
«Կատարվող փոփոխության նպատակն այն է, որ ապահովվի՝ ավարտված քվեարկության արդյունքները չզրոյացվեն», - հավելեց Արմենուհի Հարությունյանը։
Այս նոր առաջարկով՝ եթե քվեարկության ավարտից հետո արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվի, ընտրության արդյունքներն, այդուհանդերձ, կամփոփվեն և կամրագրվեն:
Ընդդիմադիրներն ակնկալում են, որ երկրորդ ընթերցմամբ փաթեթն ընդունվի արդեն այս տեսքով, բայց սա էլ բավարար չեն համարում: «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը ևս մի առաջարկ արեց՝ քվեարկության օրն առհասարակ արտակարգ կամ ռազմական դրություն չհայտարարել:
«Սա չի զրկում կառավարությանը ձեռնարկելու դրա իրական հիմքով պայմանավորված երկրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելուց», - ասաց նա։
Արմենուհի Հարությունյանն արձագանքեց. - «Կարծում եմ, որ այստեղ մասնագետները և ռազմագետները, և ընդհանուր առմամբ այն մասնագետները, ովքեր նման փորձի ուսումնասիրման նաև կարիք պիտի ունենան՝ հասկանալու համար, թե այդ ինչ ռիսկեր պետք է լինեն, որոնք կարող են հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ այդ մի քանի ժամվա ընթացքում եթե մենք ունենանք բաց՝ չհայտարարելու ռազմական դրություն, ի՞նչ իրավական հետևանքներ կարող են ունենալ։ Եվ կարծում եմ, որ սա իսկապես լուրջ քննարկման անհրաժեշտություն ունի»։
Ընտրական օրենսգրքի շուրջ լսումներից հետո սպասվում է դրա երկրորդ ընթերցմամբ քննարկումը խորհրդարանում: