Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար է Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Այն ստանում է խորհրդարանի 125 մանդատներից 68-ը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը՝ հիմնվելով ընտրատեղամասերի 91տոկոսի քվեաթերթիկների մշակման արդյունքների վրա։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս՝ գրանցված 6,4 միլիոնից քվեարկել է 2,1 միլիոն ընտրող։
Մնացած մանդատները, ինչպես գրում է Turan-ը, կտրամադրվեն այսպես կոչված «անկախ» թեկնածուներին, որոնք հայտնի են իրենց իշխանամետ դիրքորոշմամբ։
Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները։ Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Մուսավաթ»-ը, 15 տարվա մեջ առաջին անգամ մասնակցեց ընտրություններին, մինչ այդ բոյկոտել էր ընտրությունները։ Կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին Reuters-ին ասել է, որ չի հավատում արդար քվեարկությանը, սակայն կուսակցությունը մասնակցում է ընտրություններին «երկրում քաղաքական մթնոլորտը աշխուժացնելու համար»։ «Ընտրությունները ժողովրդավարական պայմաններում չեն անցնում»,- ասաց նա։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է քվեարկության ընթացքում խախտումների մասին. որոշ տեղամասերում նկատել են քվեատուփերի մեջ քվեաթերթիկների լցոնումներ, մեկ ընտրող քվեարկել է տարբեր տեղամասերում, ճնշումներ են գործադրվել դիտորդների և լրագրողների վրա։
Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 125 պատգամավորական մանդատի համար պայքարում էր 990 թեկնածու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղում հաղթանակից հետո Ադրբեջանում 2-րդ արտահերթ ընտրությունը կարող է երկիրը ժողովրդավարության փակուղի տանել