2024-ը եղել է ամենատաք տարին դիտարկումների ողջ ընթացքում. զեկույց

2024 թվականը եղել է ամենատաք տարին դիտարկումների ողջ ընթացքում, և առաջին տարին, երբ գլոբալ ջերմաստիճանը 1,6 °C-ով գերազանցել է նախաարդյունաբերական շրջանի՝ 1850-1900 թվականների միջին ջերմաստիճանը, հայտնում է Կլիմայի փոփոխության Copernicus ծառայության զեկույցը։

Copernicus-ի փորձագետները գլոբալ տաքացման պատճառ են նշում ջերմոցային գազերի բարձր արտանետումները և շեշտում, որ հրատապ գործողություններ են անհրաժեշտ։ Օրինակ՝ 2024 թվականին մթնոլորտում ածխաթթու գազի և մեթանի կոնցենտրացիան նոր ռեկորդային մակարդակի է հասել չափումների մեկնարկիցի վեր։

Մասնագետները նշում են, սակայն, որ կան որոշ դրական զարգացումներ, մասնավորապես, իրենց դիտարկումները ցույց են տվել, որ հնարավոր է դանդաղեցնել գլոբալ տաքացման ընթացքը։ Տասը տարի առաջ արված հաշվարկներով՝ կանխատեսվել էր, որ Երկրի ջերմաստիճանը դարավերջին կբարձրանա 3,5 աստիճանով, սակայն նոր հաշվարկները ցույց են տալիս, որ կլիմայի պաշտպանության ոլորտում արված քայլերի արդյունքում այժմ կանխատեսվող բարձրացումը 2,7 աստիճան է, իսկ եթե բոլոր երկրները կատարեն կլիմայի հարցում իրենց վերցրած պարտավորությունները, ապա ջերմաստիճանը դարավերջին կբարձրանա միայն 1,9 աստիճանով։