Մինչև 2030-ը ծայրահեղ աղքատության վերացման ՀԲ ծրագրերը՝ հարցականի տակ

Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմ, արխիվ

Համաշխարհային բանկի ղեկավարի խոսքով՝ աշխարհում տնտեսական աճի հապաղումը հարցականի տակ է դնում մինչև 2030 թվականը ծայրահեղ աղքատության վերացման Բանկի ծրագրերը:

Համաձայն ՄԱԿ-ի բնորոշման, ծայրահեղ աղքատությունը մարդու հիմնական, այդ թվում՝ խմելու ջրի, սննդի, կրթության պահանջմունքների բավարարման անհնարինության վիճակն է:

Ըստ Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Կիմի՝ աշխարհը որոշակի առաջընթաց ունի այս հարցում. - «25 տարվա ընթացքում մենք ծայրահեղ աղքատությունը կարողացանք կրճատել 2 միլիարդ մարդուց մինչև 1 միլիարդի»:

Գրեթե միլիարդ մարդ ապրում է օրական 1 դոլար 25 սենթից էլ պակաս գումարով: Տնտեսական աճի հապաղումը զարգացած և նոր զարգացող երկրներում ավելի է բարդացնում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ջանքերը:

Լուծումներից մեկը նոր ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունն է, ինչպես, օրինակ, Չինաստանի կողմից առաջավարվող Ասիական ենթակառուցվածքային ու ներդրումային բանկը կամ Նոր զարգացման բանկը, որը հիմնադրել են BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը ու Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը:

Այսպիսի բանկային դաշինքները կարող են օգնել լուծելու ենթակառուցվածքային բարեփոխումների համար անհրաժեշտ գումարների խնդիրը, որոնք Համաշխարհային բանկը միայնակ այլևս չի կարողանում ապահովել:

Էմի Սթըդարթը՝ Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների հաստատության քաղաքատնտեսության գծով փոխտնօրենը, ասում է. - «Ըստ Համաշխարհային բանկի՝ Հարավային ու Հարավարևելյան Ասիայում 2․5 տրիլիոն դոլարին համարժեք ներդրումների պակաս գոյություն ունի»:

Չնայած ներդրումների խիստ անհրաժեշտություն կա, ոմանք մտավախություն ունեն, որ այդ նոր ֆինանսական հաստատությունների գործունեությունը արևմտյան ազդեցության կրճատման պատճառ կդառնա:

Սակայն ըստ Ջիմ Յոնգ Կիմի՝ ազդեցության խնդիր չկա. - «Մեզ համար հիմնարար հարց է, որ թշնամի չեն կարող լինել այլ հիմնարկները, այլ՝ այն պետք է լինի աղքատությունը»:

Համաշխարհային բանկը ակնկալում է, որ կլուծի այդ խնդիրները, երբ աշխարհի առաջնորդները միասին այս տարի ավելի ուշ ՄԱԿ-ում քննարկելու են համաշխարհային առաջնահերթությունները, այդ թվում՝ աղքատության խնդիրը: