Վաշինգտոնում ահագնանում են կրքերը գաղտնալսման ծրագրի շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հանրության ուշադրության կենտրոնում էր Ազգային անվտանգության գործակալությանը ահաբեկչության դեմ պայքարելու նպատակներով հեռախոսային տվյալները հավաքագրելու արտոնությունը վերահաստատելու հարցը: Նախորդ ծրագրի ժամկետը լրանում է այս ամսվա վերջում:

Անգամ մինչ անցյալ շաբաթվա դատարանի որոշումը, որը հեռախոսային տվյալների հետագա հավաքագրումը համարում է անօրինական, սակայն չի արգելակում դրա ներկա ընթացքը, ոմանք Կոնգրեսում պահանջում են վերափոխում: Դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին փոփոխություն պահանջողներից մեկն է. - «Մենք պետք պաշտպանենք մեր անվտանգությունը, սակայն պետք է զորավիգ լինենք նաև մեր քաղաքացիական ազատություններին, որը մեզ յուրահատուկ է դարձնում իբրև ազգ ու երկիր»:

Բացահայտվելով նախկին ազգային անվտանգության գործակալ Էդուարդ Սնուոդենի կողմից՝ գաղտնալսման ծրագիրը մեծ աղմուկի բարձրացրեց ԱՄՆ-ում: Անցյալ տարի Օբաման հայտարարեց նոր մոտեցման մասին:

«ԱՄՆ-ը չի լրտեսում օրինավոր քաղաքացիներին, ովքեր չեն սպառնում մեր ազգային անվտանգությանը, և մենք հաշվի ենք նստում անձնական կյանքի վերաբերյալ նրանց մտահոգությունների հետ մեր գործունեության ու ընթացակարգերի մեջ»,- ասել էր նա:

Դատարանի որոշումից հետո մի շարք հանրապետականներ շտապեցին պաշտպանել ծրագրի գոյությունը: Ծրագիրը թույլատրում է հավաքել ու պահել հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ գրառումները, սակայն չի պահում դրանց ձայնագրությունների պարունակությունը, եթե այն չի առնչվում ազգային անվտանգության հետ:

Ըստ Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բուրի, ծրագրի փակումը ընդհանրապես հնարավոր չէ.- «Մենք պետք Ամերիկան անվտանգ պահենք և չպետք է վերադառնանք նախքան սեպտեմբերի 11-ին եղած վիճակին»:

Նախագահ Օբաման շեշտում է, որ իրենք հավատարիմ են կառավարության թափանցիկության գաղափարին, ու այս քննարկումները հենց դրա վկայությունն են:

«Ոչ ոք Չինաստանից կամ Ռուսաստանից չի ակնկալում քննարկումներ իրենց հետախուզական ծրագրերի կամ իրենց քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության շուրջ, սակայն մենք այլ չափորոշիչների կրող ենք, միշտ լինելով անձնական գաղտնիության և մարդկային արժանապատվության պաշտպանության առաջնագծում»,- ասել է նա:

Կոնգրեսը կարող է երկարաձգել գաղտնալսման ծրագիրը կամ բարեփոխել այն: Երկու կուսակցությունների օրենսդիրները միահամուռ պնդում են, որ ազգային անվտանգության ու քաղաքացիական ազատությունների վրա դրված դրույքները չափազանց կարևոր են: