Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն մեկնաբանել է կառավարամետ POSTV հեռուստաընկերության կողմից իր դեմ սկսված հայատյաց արշավը։
Նրա խոսքով՝ այս արշավը շարունակվում է արդեն մի քանի տարի։
«Իվանիշվիլիի և նրա կամակատարների, ռուսական և КГБ-ի քարոզչությունը հատել է բոլոր սահմանները», - հայտարարել է Խազարաձեն։
Ավելի վաղ POSTV-ի լրագրողը Խազարաձեին հարցրել էր, թե «ինչո՞ւ է նա թաքցնում իր հայկական ծագումը»։ Բացի այդ, հեռուստաընկերությունը հրապարակել էր «Խազարաձեի հայկական շալախոն» վերտառությամբ տեսահոլովակը և հարցազրույց Երևանի մի բնակչի հետ, որը ներկայացվել է որպես քաղաքական գործչի ազգական։
«Վերջին զրպարտչական արշավն ազդել է ոչ միայն իմ, այլև մեր եղբայր ժողովրդի՝ հայերի վրա։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Վրացական երազանք»-ի բարոյազուրկ հարձակումների համար։ Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես բացահայտ և համարձակ կհայտարարեի այդ մասին։ Նրանք, ովքեր անհանգստանում կամ ամաչում են իրենց ծագումից, այլատյացներ են», - հայտարարել է վրացի ընդդիմադիր գործիչը։
«Կեցցե՛ վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և եղբայրական և հարակից այլ ժողովուրդների ընդհանուր կյանքը հզոր Վրաստանում: Կեցցե՛ հզոր Վրաստանն իր բազմազանությամբ, գեղեցկությամբ և անկեղծ հարաբերություններով: Բիձինան ու КГБ-ն պետք է վերանան հոկտեմբերի 26-ին»,- գրել է քաղաքական գործիչը սոցցանցում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։
Գրառման վերջում նա թվարկել է իր նախնիների անունները՝ Խունդաձե, Խազարաձե, Բաշալեիշվիլի և Ադեիշվիլի։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հոկտեմբերի 11-ին Ֆեյսուքում գրել է. - «Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, դրանք չպետք է խտրական լինեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանքն» իր քարոզարշավում խաղարկում է ուկրաինական պատերազմը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Կրեմլի խոսնակի՝ Մոսկվան չի միջամտում Վրաստանի ընտրություններին