Վրաստանը մտադիր է ադրբեջանցի լրագրողին արտահանձնել Բաքվին

Արխիվ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին ձերբակալել են Թբիլիսիում՝ հայրենիք արտահանձնելու նպատակով, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ 2024 թվականից Սադիգովը հետախուզվում էր սպառնալիքների և շորթման համար։

Աֆղան Սադիգովը azel.tv լրատվական կայքի խմբագիրն է։ Կինը նրա կալանավորումն անօրինական է համարում՝ պնդելով, որ նա հետախուզման մեջ չի եղել, և կալանքը Ադրբեջանի կառավարության հրամանն է։

Հուլիսի 18-ին Սադիգովը հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել Թբիլիսիի օդանավակայանից թռչել Թուրքիա։ Նրա խոսքով՝ իրավապահներն ասել են, որ իր անձնագրի հետ կապված «ինչ-որ խնդիր կա», և «նա կարող է միայն վերադառնալ Բաքու»։

Սադիգովների ընտանիքը պնդում է, որ իրենք հեռացել են Ադրբեջանից՝ վախենալով հաշվեհարդարից։ Զույգը 2023 թվականից երկու երեխաների հետ բնակվում է Թբիլիսիում։

Լրագրողը 2016 թվականից ի վեր մի քանի անգամ ձերբակալվել է Բաքվում և ավելի քան մեկ տարի բանտում անցկացրել իր ռեպորտաժների համար։ 2020 թվականին, այն բանից հետո, երբ Սադիկովը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Լրագրողների պաշտպանության կոմիտեն պահանջեց նրան ազատ արձակել, իսկ առաջադրված մեղադրանքներն անվանեց «հորինված»։ 2 տարի անց նրան ներում շնորհվեց։