Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարությունը, որում նա նշել էր, թե՝ «Վրաստանը պետք է իր մեջ ուժ գտնի 2008 թվականի պատերազմի համար օսերից ներողություն խնդրելու համար»։
«Բիձինա Իվանիշվիլիի և մյուս վրաց քաղաքական գործիչների հայտարարությունների անսպասելի տոնայնությունը Կովկասում և ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացրել», - Տելեգրամի իր ալիքում գրել է Կարասինը՝ հավելելով․ - «Վերջին 16 տարիներին Վրաստանը քաղաքականապես հասունացել է։ Ըմբռնում է ի հայտ եկել, որ 2008 թվականի Սաակաշվիլիի արկածախնդրությունից հետո սկիզբ առած թշնամանքին ու հակամարտությանը պետք է փոխարինելու գան խոհեմությունն ու կայունությունը»։
2008 թվականի օգոստոսի 7-ի վրացական զորքերը մտան Ռուսաստանի աջակցությունը վայելող՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի տարածք, փորձելով վերականգնել տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես այն ժամանակ պնդում էր Թբիլիսին՝ կանխելու աճող ռուսական ռազմական ներկայությունը։
Հնգօրյա պատերազմն ավարտվեց Վրաստանի պարտությամբ, երկրի տարածք ներխուժած ռուսական զորքերը ետ քաշվեցին Եվրամիության միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում:
Հակամարտությունը, որը հրահրելու համար Թբիլիսին և Մոսկվան մեղադրում են միմյանց, հարյուրավոր զոհերի, հազարավոր մարդկանց փախստական դառնալու պատճառ դարձավ։ Պատերազմից հետո Մոսկվան է՛լ ավելի ամրապնդեց ռազմական ներկայությունը ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Վրաստանից անջատված մյուս տարածքում՝ Աբխազիայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը