Վրաստանում վաղը նախագահական ընտրություններ են, սակայն քաղաքացիներն ընտրատեղամասեր չեն գնա՝ առաջին անգամ ընտրությունները ոչ ուղղակի կանցնեն։
Նոր նախագահին պետք է ընտրի Ընտրական 300 հոգանոց կոլեգիան։ Միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ, նախկին ֆուտբոլիստ, խորհրդարանի պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին է։ Բայց Վրաստանում քաղաքական ճգնաժամի պայմաններում մեծ հարց է, թե ինչպես կանցնեն այդ ընտրությունները և ինչ կլինի ընտրությունից հետո։
Վրաստանում բողոքի ակցիաները թեև արդեն առանց ոստիկանության հետ բախումների, բայց շարունակվում են, ընդդիմությունն ու նախագահը չեն ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ են պահանջում, հայտարարում են, որ ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող լեգիտիմ նախագահ ընտրել, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չնայած իր մանդատի մոտալուտ ավարտին, այժմ ինքն է Վրաստանի իշխանության միակ օրինական ներկայացուցիչը և շարունակելու է պաշտոնավարել մինչև նոր լեգիտիմ ընտրություններով խորհրդարան կձևավորվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է քննել ընտրությունների արդյունքների չեղարկման հարցըԸնտրությունները խնդրահարույց են համարում նաև Վրաստանի արևմտյան գործընկերները։ Ավելին Եվրոպական խորհրդարանի պատգամավորական խումբը, որ այժմ Վրաստանում է, հանդիպել է միայն Սալոմե Զուրաբիշվիլիի և քաղաքացիական հասարակության հետ, այցելել է ցուցարարներին, բայց չի հանդիպել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներին։ Եվրոպական պատգամավորական խումբը հայտարարել է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը նոր խորհրդարանական ընտրություններն են։
Ահա այս պայմաններում վաղը 300 հոգանոց ընտրիչների կոլեգիան, որում 150-ը խորհրդարանի պատգամավորներն են, իսկ 150-ը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, պիտի նախագահ ընտրի։
«Վրացական երազանք»-ը խորհրդարանում ունի 89 մանդատ, ընդդիմությունը՝ 61, եթե տեղական ընտրիչները ևս քվեարկեն իշխանական թեկնածուի օգտին, ապա Կավելաշվիլիին ընտրվելու խնդիր չի ունենա՝ ընդդիմության բացակայության պայմաններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաժան դիմակայություն Վրաստանի հաջորդ նախագահի շուրջՆախագահի ընտրությունները, համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի, կհամարվեն կայացած, եթե դրանց մասնակցի կոլեգիայի անդամների կեսից ավելին, իսկ ընտրվելու համար առաջին փուլում թեկնածուն պետք է հավաքի ընտրիչների ձայների առնվազն երկու երրորդը, այսինքն՝ 200 ձայն: Եթե թեկնածուն չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, ապա խորհրդարանի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ փուլ պիտի նշանակի, այդ դեպքում նախագահի թեկնածուին ընտրվելու համար բավական է ստանալ ձայների պարզ մեծամասնությունը։ Եթե ընտրությունը չկայանա կամ Ընտրական կոլեգիան չկարողանա ընտրել նախագահ, ապա 30-օրյա ժամկետում կանցկացվի կրկնակի ընտրություն։
Ուշագրավ է, որ այսօր «Վրացական երազանք»-ի կազմում խորհրդարան մտած «Ժողովրդի ուժը» քաղաքական ասոցիացիան, որ 9 մանդատ ունի, հայտնի է հակաարևմտյան հայացքներով, օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի նախաձեռնողներից է և որի լիդերներից է նաև նախագահի թեկնածու Կավելաշվիլին, հայտարարել է, որ լքում է խորհրդարանական մեծամասնությունը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Գուրամ Մաճարաշվիլին՝ վստահեցնելով, որ ինքն ու իր կուսակիցները հիմք են դնելու Վրաստանում առողջ ընդդիմության գոյությանը, իսկ մյուս ընդդիմադիրներին Մաճարաշվիլին անվանել է ռադիկալ և արտաքին ուժերից ֆինանսավորվող։
Պնդումներին, թե «Ժողովրդի ուժ»-ի և «Վրացական երազանք»-ի դիրքորոշումներում տարբերություն չկա, Մաճարաշվիլին պատասխանել է, որ որոշ հարցերի վերաբերյալ իրենք տարբեր կարծիքներ ունեն, և հենց այդ պատճառով են որոշել երկու տարի առաջ առանձնանալ «Վրացական երազանք»-ից:
Իսկ թե ինչո՞ւ իշխանական ցուցակով խորհրդարան անցած 9 պատգամավորներ այսօր իրենց ընդդիմադիրներ հայտարարեցին, պարզ դարձավ այդ որոշումից մի քանի ժամ անց, երբ «Վրացական երազանք»-ը դեռ այսօր առավոտյան պաշտոնապես իրենց շարքերում գտնվող և իրենց նախընտրական ցուցակի 11-րդ տեղում գտնվող Սոզար Սուբարիին հաստատեց ընդդիմության քվոտայով խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում։
Մինչ այդ Վրաստանի խորհրդարանը բացառապես իշխանական պատգամավորներով ընդունել է մի շարք օրինագծեր, որ վերաբերում են բողոքի ցույցերին և նախագահ Զուրաբիշվիլիին։ Օրինագծերից մեկով արգելվում է բողոքի ցույցերի ընթացքում դիմակ հագնելը կամ դեմքը փակելը, ինչպես նաև օգտագործել հրավառության նյութեր ու լազերներ, իսկ առանց համապատասխան լիցենզիայի հրավառության նյութերի առք ու վաճառքի համար հսկայական տուգանք է սահմանվել։
Վրաստանի խորհրդարանը նաև ընդունել է օրինագիծ, որով ենթադրվում է նախագահին զրկել պետական պաշտպանությունից պաշտոնավարման ժամկետից հետո, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ նա խախտել է Սահմանադրությունը։