Վրաստանում պատկերն ավելի մռայլ է, քան Մոլդովայում․ Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորել, արխիվ

Վրաստանում իշխող կուսակցության գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են ԵՄ-ին անդամակցելու ճանապարհից, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ տեղեկացնելով, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են Վրաստանում և Մոլդովայում նախընտրական իրավիճակը։

«Մենք քննարկել ենք իրավիճակը Մոլդովայում և Վրաստանում։ Առաջիկա շաբաթներին երկու երկրներին էլ սպասվում են վճռորոշ ընտրություններ։ Մոլդովան զգալի առաջընթաց է գրանցում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ՝ չնայած Ռուսաստանի կողմից աճող ճնշմանը...», հայտարարել է Բորելը՝ հավելելով. - «Վրաստանում պատկերն ավելի մռայլ է «համեմատած Մոլդովայի հետ։ [Վրաստանում] իշխող կուսակցության գործողությունները, հայտարարություններն ու նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են ԵՄ-ին անդամակցելու ճանապարհից և վկայում են ավտորիտարիզմի մասին։ Ուստի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո կասեցված է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցվել է․ Հերչինսկի


Բորելը նշել է, որ պետք է սպասել գալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք, ըստ նրա, վճռորոշ փորձություն կլինեն Վրաստանի ժողովրդավարության և ԵՄ անդամակցության ճանապարհի համար, գրում է SOVA-ն։

Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում վերջերս ընդունված աղմկահարույց օրենքների ազդեցությունը երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում։

Չնայած միջազգային գործընկերների կոչերին, նախագահի դրած վետոյին՝ Թբիլիսին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Վրաստանի խորհրդարանն ընդունել է նաև օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում։

Եվրամիությունը դատապարտել է նաև այս օրենքի ընդունումը՝ նշելով, որ «այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և սպառնում է խտրականության աճին բնակչության մի մասի նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական խորհրդարանը Թբիլիսիի դեմ հերթական բանաձևն ընդունեց