Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են

Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Դրանք կայանալու են ամբողջությամբ համամասնական ընտրակարգով. Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են օրենսդիրի 150 պատգամավորի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Յոսելիանին առավոտյան լրատվամիջոցներին հայտնել է, որ «չնչին տեխնիկական թերություններից հետո» գործընթացն ընթանում է «հանգիստ միջավայրում» բոլոր 3111 ընտրատեղամասերում։

Նոր ընտրակարգը նշանակում է նաև, որ կուսակցությունները կամ կոալիցիաները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը խորհրդարան անցնելու համար։

Իշխող «Վրացական երազանք»-ը պայքարում է Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից ընդդիմության դեմ: «Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ», սա էր Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախընտրական հիմնական կարգախոսը։ Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած կուսակցությունը, որը իշխանության ղեկին է 12 տարի, ընտրությունները ներկայացրել է որպես ընտրություն խաղաղության և պատերազմի միջև՝ ասելով, որ ընդդիմության հաղթանակի դեպքում Վրաստանը կներքաշվի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։

Ընդդիմությունը քվեարկությունը որակել է որպես ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի, ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։

ԵՄ երկրները և ԱՄՆ-ն մեծ աղմուկ հանած «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից և Թբիլիսիի մի շարք այլ որոշումներից հետո սուր քննադատության են ենթարկում վրացական իշխանություններին։ Եվրամիությունը կասեցրեց Վրաստանի ինտեգրման գործընթացը, իսկ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց երկրում «ժողովրդավարությունը խաթարելու համար պատասխանատուների» դեմ։

Առաջին անգամ Վրաստանի ընտրություններում լայնորեն կկիրառվեն քվեարկության էլեկտրոնային միջոցները՝ ընտրողների ստուգման և ձայների հաշվման սարքերը: Նոր համակարգի շնորհիվ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց մոտ երկու ժամ անց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիձինա Իվանիշվիլին՝ «մարդ, որ գնեց երկիրը»․ Politiko
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարևան Հայաստանի եվրոպական ապագան կախված է Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից․ վրացահայ ակտիվիստ