Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրողը շարունակում է հացադուլը բանտային հիվանդանոցում

Չնայած առողջական ծանր վիճակին՝ Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը շարունակում է հացադուլը բանտային հիվանդանոցում՝ հրաժարվելով նաև բժշկական օգնությունից: Այս մասին Turan գործակալությանը պատմել է լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան։

Թբիլիսիի կալանավայրում 20 օր առաջ հացադուլ հայտարարած Սադիգովի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է անցած օրերին, երեկ նա տեղափոխվել է բանտային հիվանդանոց։

«Ծանր վիճակում է, բժիշկների հսկողության տակ, բայց հրաժարվում է բժշկական օգնությունից, խմելու ջրից բացի այլ բան չի ընդունում։ Ասում է՝ կշարունակի պայքարել իր իրավունքների և ազատության համար, նույնիսկ եթե մահանա», - ամուսնու հետ հեռախոսազրույցի մանրամասներն է փոխանցել Սադիգովան:

Վրաց իրավապահները Azel TV կայքի հիմնադիր Սադիգովին ձերբակալել են օգոստոսի 3-ին Բաքվի պահանջով և երկու ամսով նախնական կալանքի ենթարկվել՝ հետագայում արտահանձնման նպատակով։ Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են շորթման մեջ։

Մինչ այդ՝ 2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Վրաստանում։ Լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները պնդում, որ հայրենիքում իրեն ցանկանում են պատժել Ալիև վարչակազմին քննադատելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թբիլիսիի կալանավայրում հացադուլ հայտարարած ադրբեջանցի լրագրողի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է