Վրաստանի քվեարկության արդյունքները չեն ճանաչում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն են ստացել։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս չի ճանաչում ընտրությունների արդյունքները. նա այսօր երեկոյան հանրահավաք է հրավիրել:
Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» իշխանությունը վերարտադրում է 53 տոկոսանոց կայուն, բայց ոչ սահմանադրական մեծամասնությամբ։
Այս թեմայի շուրջ «Ազատություն»-ը զրուցել է հայ- վրացական «Ալիք մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի ընդդիմությունն և նախագահը քվեարկության արդյունքները չեն ճանաչում. Զուրաբիշվիլին հանրահավաք է հրավիրել«Ազատություն». - Կարծում եք՝ այս ճգնաժամը կխորանա՞: Նախագահն արդեն երեկոյան հանրահավաք է հրավիրել ընդդիմադիր ուժերի հետ:
Խառատյան. -Այո, ենթադրում եմ, որ գոնե այսօր թերևս կլինի բավականին մեծ հանրահավաք, բայց փաստ չի, թե դա կարող է շարունակվել անպայման ընդդիմության ինչ-որ հաջողությամբ: Կհասկանանք, թե ինչ է օրակարգում, որն է պահանջը, եթե պահանջը, ընտրությունները չեղյալ համարելն է և նոր ընտրություններ իրականացնելը, որքանով այս քաղաքական և իրավական առումով էս փաստարկը կաշխատի, որքանով սրանք կաջակցեն նաև արտաքին խաղացողները:
Անկախ ամեն ինչից, Վրաստանի ներսում դեռևս պարզ չէ, թե որքանով են մարդիկ հաշտված էս ընտրությունների և դրա արդյունքների հետ, ամեն հնարավոր սցենար էլ կարելի է դիտարկել այս պահին: Շատ բան կախված կլինի, թե ինչ լիդերություն կլինի ընդդիմությունում. չկա մի հստակ լիդեր այս պահին, ու որքանով, բացի գործող նախագահից, իշխանության ներսում ինչքան կուռ կլինի իշխանությունն այս արդյունքները շարունակելու պահելու տեսանկյունից: Գիտեք, որ առաջին նիստը պիտի տեղի ունենա խորհրդարանի, որին առնվազն 100 պատգամավոր պետք է մասնակցի: Ընդդիմության մանդատները չվերցնելու պարագայում դա կարող է ձախողել, բայց սրանից 10 օր անց, ասենք, նախագահի վետոյի, նույնիսկ պայմաններում իրենք կարող են շրջանցելով, այնուամենայնիվ, ոչ սահմանադրական մեծամասնություն ունենալով, խորհրդարանը ֆունկցիոնալ պահել որոշ չափով, մինչև տեսնեն, թե ինչ է կատարվելու էն ընդդիմության հետ, որն առնվազն 4 առանձին խոշոր սեգմենտից է բաղկացած այս պահին:
«Ազատություն». - Համարյա 40 տոկոս:
Խառատյան. - Այո:
«Ազատություն». - Շա՞տ խնդրահարույց է սահմանադրական մեծամասնություն չունենալը Վրաստանում, որովհետև կայուն է խորհրդարանում մեծամասնությունը:
Խառատյան. - Այո, խնդրահարույց է ֆունդամենտալ փոփոխությունների և օրենքների պարագայում, նաև պարզ չէ, թե օրինակ, բացի այն ընթացիկ գործընթացներից, կառավարության ծրագիր բյուջե և այլն հաստատելը, այլ ինչերով են կարողանալու առաջ շարժվել: Դեռևս պարզ չէ՝ ինչպիսի ճգնաժամ կարող է լինել, բայց որ խորհրդարանական ընտրությունների հետևած ճգնաժամեր տեսնելու ենք, և դա լինելու է և՛ քաղաքական, և՛ նույնիսկ գուցե սահմանադրական կազուսի տեսքով, ինձ թվում է, դա արդեն բոլորի համար պարզ է:
«Ազատություն». - Պարոն Խառատյան, Դուք էլ ասացիք, որ հստակ լիդեր չկա, և դա պարզ էր արդեն նախընտրական շրջանում, երբ միասնական ճակատը չձևավորվեց: Այնուամենայնիվ, փողոցով իշխանություն փոխելու փորձ Վրաստանը ունի, հանրահավաքների մեծ տրադիցիա ունի այդ երկիրը, իսկ միասնական հարթակի հեռանկար ընդդիմության Դուք տեսնո՞ւմ եք՝ դատելով նաև երեկ նախագահականում այդ խորհրդակցություններից:
Խառատյան. - Կարծում եմ, որ կարող է լինել: Կարծում եմ, որ ֆորմատի կարող է լինել, որտեղ միավորվեն ընդդիմադիրները: Ասեմ ավելին, քաղաքացիական հասարակությունը, երիտասարդը հիմա նաև ճնշում է ընդդիմության վրա՝ ասելով՝ մենք մեր գործն արեցինք, գնացինք, ընտրեցինք, աջակցեցին, հիմա դուք պիտի քաղաքական որոշումներ կայացնեք, ինչը ենթադրում է, որ պետք է միավորվեք: Հիմա թե ինչքանով արագ հնարավոր կլինի և ինչ ֆորմատով էդ միավորումը, պարզ չի, կտեսնենք դեռևս, և արդյոք նախագահն է, էսպես ասած, էս փուլում գոնե լիդերությունը վերցնելու իր վրա: Բայց հաշվի առնելով արդեն էն միավորումները, որոնցով գնացել են խորհրդարանական ընտրությունների, հավանականություն կա, որ էսպես ասած, գոնե առնվազն կոնսուլտացիաների և խորհրդակցական քննարկումների մակարդակով ինչ-որ գործընթաց կլինի: Եվ եթե հանրային պահանջ լինի, որպեսզի ինչ-որ մի առանձին, այսպես ասած, որոշում կայացնող ընդդիմադիրներից բաղկացած խումբ լինի կամ իր լիդերով լինի դա, կարծում եմ, դա նաև կդառնա հանրային պահանջ, եթե չկարողանան էդ ձևավորել, էս փուլից հետո կկորցնեն նաև էն հանրային աջակցությունը, որ ստացել են ընտրությունների ընթացքում:
«Ազատություն». - Սալոմե Զուրաբիշվիլին չէ՞ այդ միավորող ֆիգուրը:
Խառատյան. - Զուրաբիշվիլին գոնե մինչև այս կետը ցույց է տվել, որ այո, ինքը շարունակական և հետևողական է լինելու ընդդիմությանը կամ, այսպես ասած, Վրաստանի պրո-արևմտյան կամ պրո-եվրոպական ուղղությունը պաշտպանելու հարցում: Առնվազն միջանկյալ փուլում պատրաստ է պատասխանատուն ստանձնել, մինչև այլ քաղաքական ընդդիմադիր ուժերը որոշում կկայացնեն, թե ինչպիսի տրամաբանությամբ են շարունակելու պայքարը՝ լինի դա փողոցային, թե գուցե ինչ-որ փուլում նաև ընտրեն, ով գիտի խորհրդարան գնալ, պարզ չէ: