Վրաստանի շրջանային դատարանը չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները 30 ընտրատեղամասերում՝ քվեարկության գաղտնիության խախտման պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։
Դատավորի որոշմամբ՝ վերակազմավորվել է քվեարկության իրավիճակը երեք պատահական ընտրատեղամասում՝ Վրաստանի հարավում գտնվող Տետրիցկարոյի և Ցալկայի շրջաններում։ Փորձարկման ընթացքում պարզվել է, որ թեկնածուի օգտին քվեարկությունը նշված է մարկերով, և այն տեսանելի է քվեաթերթիկի հակառակ կողմում։ Այսպիսով, քվեաթերթիկը հաշվարկման սարքի մեջ դնելիս մոտ կանգնած մարդիկ կարող էին հասկանալ, թե ում օգտին է քվեարկել ընտրողը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կարող է բողոքարկել շրջանային դատարանի որոշումը, սակայն փորձագետների կարծիքով՝ արդեն ստեղծվել է նախադեպ։ Քվեարկության գաղտնիության խախտման մասին հայց ներկայացրել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։
Կազմակերպությունը պահանջել է չեղարկել ավելի քան երկու հազար ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Սակայն, ինչպես հաղորդվել է նոյեմբերի 3-ին, Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները մերժել են բողոքները։
Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով 53.9 տոկոս ձայն։ Մոտ 5 տոկոս անցողիկ շեմը հաղթահարել են ևս չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք, սակայն, մերժել են ճանաչել ընտրությունների արդյունքները և մուտք գործել խորհրդարան։ Ընդդիմությունը կազմակերպում է բողոքի ակցիաներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում մեկնարկել է վրացական ընդդիմության ցույցը