Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ընդդիմության կողմնակիցներին կոչ է արել հետևել օրենքի պահանջներին առաջիկա բողոքի ակցիայի ժամանակ, զերծ մնալ անօրինական գործողություններից։
Ընդդիմությունը, որը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այսօր հավաքվելու է Թբիլիսիի կենտրոնում և պատրաստվում է գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Վաղը այստեղ նախատեսված է օրենսդիր մարմնի առաջին նիստը։
ՆԳՆ-ն շեշտել է, որ ռազմավարական կամ առանձնապես կարևոր օբյեկտի արգելափակումն օրենքով արգելված է, և դրա համար սպառնում է քրեական պատասխանատվության։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ հակառակ դեպքում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական միջոցները։
Բողոքի ակցիաները մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել են նոյեմբերի 4-ից ու գրեթե ամենօրյա բնույթ են կրում։ Ընդդիմադիրները պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նորն անցկացնել։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է ընտրություններում ու զբաղեցրել խորհրդարանական 150 աթոռներից 89-ը: Բոլոր չորս ընդդիմադիր ուժերը չեն ընդունել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ վայր են դնելու մանդատները: