Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն

Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն, որտեղ հարցաքննության է կանչվել ընտրակեղծիքների մասին իր պնդումների հետ կապված։

Մամուլի ասուլիսում Սալոմե Զուրաբիշվիլին իրավապահ այդ գերատեսչությանը հորդորել է «սեփական գործով զբաղվել»:

«Դատախազությանը խորհուրդ կտամ սկսել իրենց աշխատանքը և հեռու մնալ նախագահի հետ քաղաքական հաշիվներ պարզելուց։ Ավելին, այս պահին մեր գործընկերները նույնպես հետևում են՝ արդյոք դատախազությունը կարո՞ղ է լինել անկախ և անաչառ։ Ուրեմն թող դատախազությունը սկսի իր գործը, նախագահն էլ իր գործը կանի... Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ իմ աշխատանքը և չեմ պատրաստվում ներկայանալ դատախազություն», - հայտարարել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ դատախազության հրավերը «տարօրինակ կերպով համընկել է Դմիտրի Մեդվեդևի ցուցումների հետ»։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցում գրել էր, որ Վրաստանի նախագահին անհրաժեշտ է «պաշտոնից հեռացնել և ձերբակալել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի նախագահը դատախազություն է հրավիրվել