Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ, ըստ «Ազատության» «Էխո Կավկազա»-ի, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ինչպես նախորդ անգամ, իմպիչմենթի պատճառ են դարձել նախագահի արտասահմանյան (Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա) այցերն՝ առանց կառավարության թույլտվության, որով նա «խախտել է երկրի Հիմնական օրենքը»։
Պապուաշվիլին ասել է, որ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը, նոր խորհրդարանը նրան կհեռացնի պաշտոնից։ Գործող խորհրդարանում «Վրացական երազանքը» չունի անհրաժեշտ թվով ձայներ՝ ընթացակարգն ավարտելու համար։
Վրաստանի նախագահին պաշտոնանկ անելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 100 ձայն։ Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 պատգամավոր, իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ 56։ Անցյալ անգամ իմփիչմենթ տեղի չունեցավ, քանի որ դրա օգտին քվեարկել էր ընդամենը 86 պատգամավոր։
«Էխո Կավկազ»-ը հիշեցնում է, որ այսպես թե այնպես Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետն ավարտվում է խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք կկայանան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։
Սահմանադրության համաձայն՝ նախագահական ընտրություններն անցկացվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ 45 օրվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխող ուժը երկրի նախագահին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ