Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան գրառումը հեռացվեց, տհաճ նստվածքը մնաց

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ չի շտապում արձագանքել Սալոմե Զուրաբիշվիլիի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ հարևան երկրի նախագահը Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք էր ներկայացրել՝ տարածելով տուրիստական գործակալություններից մեկի նոյեմբերի 10-ի արշավը։ «Ազատության» հարցին՝ կարգելվի՞ արդյոք այս տուրը դեպի Հայաստան, ԱԱԾ-ից նախ զարմացան, որ պատասխանն իրենց տիրույթում ենք փնտրում, հետո հորդորեցին պաշտոնական հարցում ուղարկել։

Զբոսաշրջության կոմիտեում նույնպես լուռ են՝ սլաքներն արտաքին գերատեսչություն են ուղղում։ Իսկ Արտգործնախարարությունից կարճ պատասխանեցին. - «Գրառումը հեռացվել է, հանրային անդրադարձ չունենք»:

CivilNetCheck-ը ստուգել էր՝ Զուրաբիշվիլիի գրառումը ֆեյք չէր, տեղադրվել էր նրա ոչ պաշտոնական էջում էր, որտեղ Վրաստանի նախագահը այս անգամ որոշել էր կիսվել "Adjara Voyage" տուրիստական գործակալության առաջարկով։ Այն էլ, իր հերթին, նոյեմբերի 10-ին,16-ին, 23-ին առաջարկում է շրջագայություն դեպի Լոռի և Տաշիր, այց դեպի Օձունի, Ախթալայի, Հաղպատի, Սանահինի եկեղեցիներ, Քոբայրավանք, ինչպես նաև Դեբեդ գետի հովիտ։ Տուրի նկարագրությունում գրված է. - «Հերթական տխուր, բայց պարտադիր շրջագայությունը Պատմական Վրաստան!!! Յուրահատուկ մշակույթ, որը պահպանվում է Լոռիում»։

"Adjara Voyage"-ի էջում այսօր էլ այս ուղղությամբ ճամփորդությունը գովազդվում է, աղմուկից հետո տուրը չեղարկելու մասին խոսք չկա, սակայն շատ լուրջ փոփոխության է ենթարկվել գովազդի նկարագրությունը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն այս մեկում խմբագրվել են. - «Զգացմունքային աշխարհը սպասում է քեզ Լոռի Տաշիրի! Վրաց-հայկական պատմությունների զարմանալի սինթեզ»:

Չնայած հայկական սոցցանցերում խիստ քննադատության արժանացած գրառումը որոշ ժամանակ անց անհետացավ Սալոմե Զուրաբիշվիլիի անձնական էջից, այդուհանդերձ, տհաճ նստվածքը մնաց։

«Եթե շատ մեղմ ասեմ, հարիր չէ բարձրաստիճան պետական պաշտոնյային: Դա կարող է անել ինչ-որ մի մարդ, ով քաղաքականությունից շատ չի հասկանում: Բայց երկրի դե յուրե ղեկավարը և իր պաշտոնի անձնագրով երկրորդ դեմքը պետության՝ այդ կարգի ցածր որակի քաղաքականությամբ զբաղվելը չի ընկալվում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Թորոսյանն ասում է՝ եթե մի բառով՝ շատ տխուր է, իսկ եթե ավելի պատկերավոր՝ «չի կարելի այդպիսի ստերով անուղղակի հավակնություններ ցուցաբերել հարևան, բարեկամ, ռազմավարական գործընկեր երկրի տարածքների նկատմամբ, չի կարելի»:

Ջավախքում ծնված պատգամավորը նկատում է՝ սա առաջին դեպքը չէ, որ Զուրաբիշվիլին վիճահարույց հայտարարություն է անում հարևան երկրի հասցեին։ Հետընտրական հարցազրույցներից մեկում Վրաստանի նախագահը ենթադրյալ ընտրախախտումները նկարագրելիս օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը։ Թորոսյանն ընդգծում է՝ նախագահը չպետք է նման հայտարարություններով սեպ խրի երկու երկրների միջև. - «Չփորձեն սեպ խրել Հայաստանի և Վրաստանի այսօրվա ձևավորված ռազմավարական մակարդակի հարաբերությունների մեջ, չփորձեն: Դա և՛ մեզ զարհուրելի հարված կլինի, և՛ Վրաստանին»:

Շիրակ Թորոսյանը նաև անթույլատրելի է համարում, որ չի վերահսկվում, թե ինչ գովազդ են տարածում տուրիստական գործակալությունները. - «Չի կարելի սրտաճմլիկ ստերով հաճախորդներ գրավել»:

«Ազատություն»-ը փորձեց նաև կապ հաստատել "Adjara Voyage"-ի հետ։ Նշված հեռախոսահամարով մեզ պատասխանեցին մեկ անգամ՝ խոստանալով կապել զբոսավարի հետ։ Կեսից ընդհատված զրույցն այդպես էլ չհաջողվեց շարունակել՝ մեր զանգերն այլևս անջատվում են։