Վրաստանի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», հայտնել է ղեկավարության շրջանում ակնկալվող փոփոխության մասին:
Կուսակցության նախագահի պաշտոնը կստանձնի խորհրդարանի պատգամավոր Տինա Բոկուչավան։ Կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին լքում է պաշտոնն` առողջության վատթարացման պատճառով։
Այսօր կայացած ճեպազրույցում Խաբեիշվիլին ասել է, որ բժիշկներն իրեն արգելել են ինտենսիվ աշխատել երկու-երեք ամիս։ Նա պնդում է, որ մեկ ամիս առաջ ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, ինչից հետո գանգուղեղային ծանր վնասվածքով փոխադրվել է հիվանդանոց:
Կուսակցության հիմնադիրներից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հիմա պատիժ է կրում բանտում, սոցիալական ցանցում գրել է, թե ողջունում է կուսակցության ղեկավարության փոփոխությունները։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր ուժերը միավորվեն հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ, մեր կուսակցությունում նորացումը կօգնի կատարել այդ խնդիրը»,- գրել է Սաակաշվիլին։
Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա Միացյալ ազգային շարժում կուսակցության համագումարը, որի ընթացքում օրենսդիր Բոկուչավան պաշտոնապես կընտրվի կուսակցության նախագահ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակը հարձակման է ենթարկվել