Վրաստանի խորհրդարանն ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը. ԵՄ-ն քննադատում է

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող 18 օրենքներում։

Եվրամիությունը դատապարտել է օրենքի «երկրորդ ընթերցմամբ հապճեպ ընդունումը», ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և սպառնում է խտրականության աճին բնակչության մի մասի նկատմամբ։ Եվրամիությունը մտահոգված է, որ ԵՄ ինտեգրման վրա էական ազդեցություն ունեցող օրենսդրությունն ընդունվել է առանց համարժեք հանրային քննարկումների և մանրակրկիտ դիտարկելու եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանությունը», - ասվում է հայտարարության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանք»-ը մտադիր է սահմանափակել ԼԳԲՏ համայնքի իրավունքները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր վիճահարույց օրինագիծ Վրաստանի խորհրդարանի օրակարգում