«Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ»
«Ընտրիր խաղաղություն, ոչ թե պատերազմ», սա է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախընտրական հիմնական կարգախոսը։ Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած կուսակցությունը, որը Վրաստանում իշխում է 12 տարի, անթաքույց շահարկում է Ուկրաինայի ծանր իրավիճակը՝ նախընտրական պաստառներում մի կողմից ցուցադրելով Ուկրաինայի ավերված բնակավայրերի, մյուս կողմում՝ Վրաստանի քաղաքների գեղեցիկ պատկերներ։
Ուկրաինայի ռմբակոծված շենքերի, եկեղեցիների, այրված ավտոբուսների և դասասենյակների պատկերներով գովազդային վահանակները հակադրելով Վրաստանի խաղաղ պատկերներին՝ իշխող ուժը ընտրողներին ցուցադրում է, թե ինչ կլինի, եթե ընդդիմությունը Վրաստանին ներքաշի ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, մինչդեռ «Վրացական երազանքը» խաղաղություն է երաշխավորում։ Նախընտրական վիճահարույց այս քարոզչությունը, այնուհանդերձ, ուժեղ ուղերձ է Ռուսաստանին սահմանակից 3 միլիոն 700 հազար բնակչություն ունեցող երկրում, որը 2008 թվականին տուժել է Ռուսաստանի հետ կարճատև, բայց տարածքների կորստի հանգեցրած պատերազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանքն» իր քարոզարշավում խաղարկում է ուկրաինական պատերազմըԸնդդիմությունը, որն առաջիկա ընտրություններին գնում է մի քանի դաշինքներով, ընտրողներին ուղերձ է հղում պաշտպանել ժողովրդավարությունը, չշեղվել եվրաինտեգրման ուղուց, որին հանգեցնելու է իշխող ուժի հաղթանակը, իսկ իրենք թույլ չեն տա ժողովրդավարության կորուստ ու երկիրը կտանեն Եվրամիությանը անդամակցելու ճանապարհով։
2023 թվականին Վրաստանը Եվրամիությանը անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել, բայց հետո Վրաստանի իշխանությունների հակաարևմտյան հռետորաբանության և վիճահարույց օրենքներ ընդունելու հետևանքով Եվրամիությունը սառեցրել է անդամակցության գործընթացը։ Վրաստանի իշխանությունները մեղադրվում են ռուսական օրենքներին նմանակող հակաժողովրդավարական օրենքներ ընդունելու մեջ, որը սահմանափակում է ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի գործունեությունը։ Իշխող կուսակցության պատվավոր նախագահ Իվանիշվիլին նույնիսկ սպառնացել է հաղթանակի դեպքում արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում պատկերն ավելի մռայլ է, քան Մոլդովայում․ Բորել«Դրսից աջակցություն ստացող հավաքական «Ազգային միացյալ շարժումը» փորձում է իշխանության գալ անկարգությունների միջոցով և այս երկիրը ներքաշել պատերազմի և քաոսի մեջ»,- հոկտեմբերի 10-ին Բաթումիում հայտարարել է Իվանիշվիլին՝ ընդդիմադիր դաշտը ներկայացնելով որպես հավաքական «Ազգային միացյալ շարժում»՝ կուսակցություն, որի հիմնադիրը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կալանքի տակ է։
Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա, սա է խնդիրը. Գվարամիա
Ընդդիմադիր Նիկա Գվարամիան Քութաիսում ելույթ է ունեցել Եվրամիության և Վրաստանի դրոշներով հարթակից։ «Մեր ապագան Եվրոպայում է»,- հայտարարել է նա։
Գվարամիան լրագրողներին ասել է, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունները, ըստ էության, Վրաստանի եվրոպական ապագայի հանրաքվե է։ Նա հերքել է իշխող կուսակցության կողմից ներկայացվող սպառնալիքները, ասելով, թե Վրաստանի խաղաղությանը ոչինչ չի սպառում՝ դա ռուսական քարոզչություն է։
«Մեր օրակարգի հիմնական հարցն այն է, թե ինչպես գոյատևել, ինչպես փրկել մեր հայրենիքը։ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա, սա է խնդիրը»,- ընդգծել է նա։
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին 10 օր է մնացել։ Ընդդիմությունը հուսով է, որ հոկտեմբերի 26-ի ընտրության արդյունքում Վրաստանում առաջին անգամ կոալիցիոն կառավարություն կձևավորվի, և վերջ կդրվի «Վրացական երազանքի» միակուսակցական կառավարմանը։
Իսկ իշխող ուժը համոզված է իր հաղթանակի մեջ և պատերազմական սպառնալիքներից բացի, ներկայացնում է նաև տնտեսական աճի տվյալներ։ Սակայն, ընդդիմախոսները հակադարձում են, նշելով, որ աշխատանք փնտրելու նպատակով միայն 2023 թվականին Վրաստանից 243 հազար մարդ է արտագաղթել։
«Եթե տնտեսական վիճակն այդքան լավ է, ինչո՞ւ են վրացիները լքում երկիրը»,- նշել է է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ավագ գիտաշխատող Զվիադ Աբզինբաիան։
Արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների հետ կապված ընդդիմությունը բողոքում է, որ իշխանությունները երկրի սահմաններից դուրս քվեարկելու համար բավականաչափ ընտրատեղամասեր չեն ստեղծել։ Անցած ամիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ 42 երկրներում կբացվի 60 ընտրատեղամաս։