«Վերևներում Խնածախի տեղը գիտե՞ն». Խնածախի խնդիրներն ու գյուղից հեռանալու պատճառները

«Վերևներում Խնածախի տեղը գիտե՞ն», - գյուղի ամենատարեց՝ 89-ամյա Գավրուշ պապը իրեն ամենաշատը հուզող հարցն է տալիս ու սրտնեղում, որ սահմանին կպած իրենց գյուղ մեծամեծերից ոչ ոք չի գալիս, խնդիրների մասին չի հարցնում։

«Գալիս ա գնում Կոռնիձոր, Տեղ գյուղ, չի իմանում Խնածախ կա, թե չկա։ Խի՞, մի հետ եկ մտի Խնածախ, տես իրոք էս ժողովուրդը հունց են ապրում։ Lա՞վ են ապրում, թե՞ վատ են ապրում», - ասաց Գավրուշ Մկրտչյանը:

Ժամանակին 300 և ավելի տնտեսություն ունեցող Խնածախում այժմ ընդամենը մոտ 150-նն է մնացել, մշտական բնակիչները հիմնականում տարեցներն են։ 44-օրյա պատերազմից հետո սահմանային դարձած այս գյուղում հաճախ են դռներ կողպվում։ Գյուղից արտագաղթի ճամփան բռնած ընտանիքների ուղղությունը գրեթե նույն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գայթակղիչ աշխատավարձն ու քաղաքային կոկիկ, անցեխ, սահմանային վտանգներից հեռու կյանքի հեռանկարն, օրինակ, Խնածախի բազմաթիվ ընտանիքների է Քաջարան և Կապան քաղաքներ տարել։

«Ապագա չկա էս գյուղում, որ երիտասարդը մնա։ Տենում ես, չէ՞, էն դրոշը, էն դրոշի տակ ոչ մի մարդ էլ չի մնալու», - նշեց մեկ այլ բնակիչ Գագիկ Առաքելյանը:

Գյուղ բերող ու գյուղամիջյան ճանապարհները քարուքանդ վիճակում են, ոռոգման ջուր չկա, խմելու ջուր ստանում են երեք օրը մեկ, այն էլ մի ժամով, գյուղի բարձունքում ադրբեջանական դրոշն է ծածանվում. խնածախցի 68-ամյա Գագիկ Առաքելյանը գյուղի անտեսված խնդիրներն ու գյուղից հեռանալու պատճառներն է թվարկում։

Ավելի երիտասարդներից որդին, օրինակ, վստահ է, որ պաշտոնյաները քաջատեղյակ են դատարկվող Խնածախի ու իրենց խնդիրների մասին։

«Իրանք չե՞ն իմանում, էդ հաշվարկը իրանք չե՞ն անում, թե քանի հոգի ա պակասում։ Իրանք չե՞ն իմանում՝ քանի աշակերտ ա էթում դպրոց, քանիսն ա հելնում։ Օրեկան պակասում ա։ Դա իրանք չե՞ն իմանում։ Անգիր են իմանում։ Իրանց շատ մի պե՞տք ա, որ պակասեն կամ ավելանան», - ասաց Արթուր Առաքելյանը:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի մշտական բնակչության թիվը 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 18 հազարով, որից 12 հազարը քաղաքային բնակչությունն է, 6 հազարը՝ գյուղական բնակավայրերի։ Տեղ խոշորացված համայնքի մաս կազմող Խնածախի ժողովրդագրական տխուր պատկերը այս ցանկում առանձին դեռ չի երևում։ Փոխարենն ըստ Վիճկոմի տարեսկզբի հրապարակած տվյալների՝ մոտ 6 հազար բնակիչ ունեցող Տեղ համայնքի մշտական բնակչության թիվը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ նվազել է գրեթե հազարով։ Տեղը 7 բնակավայր ունի, 7-ն էլ սահմանամերձ։

Խնածախցիներն ասում են՝ այստեղ սահմանային լուրջ միջադեպեր չեն եղել, բայց քնում, արթնանում եմ անորոշության մեջ։

2018-ին բնական գազի խողովակները Խնածախ են հասել, բայց գյուղում միայն մոտ 20 ընտանիք տանը գազ ունի։ Իրենց տներին կպած խողովակներից կապույտ վառելիքը տուն հասցնելու համար սեփականությունը հաստատող փաստաթուղթ ու փող է պետք։ Պարզվում է՝ շատերն այս գյուղում սեփականության վկայական չունեն։ Փաստաթղթավարության համար, ասում են, մի կլորիկ գումար է պետք՝ մոտ կես միլիոն դրամ, մի այդքան էլ երևի խողովակների ու մնացած այլ բաների համար։ Բայց 68-ամյա խնածախցին գնալ-մնալու ընտրության մեջ հաստատակամ է, մնալու է, որդին՝ Արթուրը դեռ չի որոշել։

Այսօր, օրինակ, դաշտից անասնակեր խոտն է բերել, քանի անձրևներ չկան ու իր ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը չի փչացել։

Եթե Խնածախի խնդիրները լուծվեն, գնացածները հետ կգա՞ն։ Հայր ու որդի այս հարցում համակարծիք են. - «Երիտասարդը էլ հետ չի կյալու։ Գյուղում հինչ վեր անեն, էս կյանքը… Չհվատաս փախած երիտասարդը մեկ էլ հետ կյա էս գյուղ»:

Որդին՝ Արթուրը, իր համար մի կարճատև ուրախություն է գտել՝ սեզոնային. տարվա այս ամիսներին, քաղաքի աղմուկից կտրվելու համար գյուղ կարճ ժամանակով հովեկներ են գալիս, ու Խնածախը լցվում է ուրախությամբ, Արթուրի սիրտը՝ նույնպես։