«Վեոլիա»-ն սպասարկում է միայն այն, ինչն ամրագրված է պայմանագրով. Երևանում հսկայական աշխատանքների կարիք կա, ինչը, սակայն, պայմանագրով նախատեսված չէ, հայտարարում է ընկերությունը՝ միաժամանակ հեղեղների ու ջրանջատումների սրված խնդիրների այս շրջանում իրենց նկատմամբ դժգոհությունն անարդարացի որակելով.
«Որքան էլ «Վեոլիա»-ն կամք և ցանկություն ունենա, ցավոք, ցանկացած շահագործում և սպասարկում պահանջում են հսկայական ծախսեր, որոնք Ընկերության ցանկությունից ու կամքից դուրս են»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վեոլիա»-ն պնդում է՝ «շահագործում է այն, ինչը հանձնված է ընկերությանը պայմանագրով»Համատարած բողոքների ֆոնին քաղաքային իշխանությունները մաշված ենթակառուցվածքները փոխելու խիստ անհրաժեշտությունից են խոսում ու ահազանգում՝ կորուստների պատճառով խմելու ջուրն անգամ չի հերիքում։ Խնդիրը լուծելու համար քննարկումներ են սկսել 2016-ին «Վեոլիա»-ի հետ Կառավարության կնքած պայմանագիրը վերանայելու շուրջ։
«Ստեղծենք առավել քան ներդրումային հնարավորություններ տվող դրույթներ, որպեսզի «Վեոլիա Ջուր»-ը ինքն էլ ունենա պարտավորություն ընդլայնման լայն ծավալներ անելու», - ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Թե որքան գումար է պետք այս խնդիրները լուծելու համար, պաշտոնյաները նույնիսկ մոտավոր թվեր չեն հայտնում: Օրինակ՝ կոյուղի չունեցող վայրերում նման ցանց անցկացնելը միայն, քաղաքապետարանի հաշվարկով, մոտ 10 միլիարդ դրամ կարժենա, իսկ սրանք անհրաժեշտ աշխատանքների մի փոքր մասն են։
Կառավարություն-քաղաքապետարան-«Վեոլիա» մեկնարկած քննարկումների մասին առաջինը քաղաքապետարանը խոսեց. Կամո Արեյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե մինչ օրս արված գործը պարզապես կարկատան էր, մինչ մի տեղ խնդիրը կարգավորել են, այլ վայրում է վթար եղել։ Պաշտոնյայի խոսքով՝ «Վեոլիա»-ն առաջարկել է խմելու ջրի պակասը լրացնել այժմ չօգտագործվող այլ աղբյուրների հաշվին։ Քաղաքային իշխանությունները դեմ են։
«Որ կգա լրացուցիչ քանակ, կսկսեն յոլա գնալ դրանով, կապավինեն, որ ջուրը կա, հետո այդ ջուրն է հանգելու կորուստների փաստի առաջ», - նշում է քաղաքապետի խորհրդականը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում խմելու ջրի սուր խնդիր է հասունանումՔաղաքապետարանի պնդումներից հետո «Վեոլիա»-ն խախտեց լռությունը, ընկերությունից հայտնում են՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով տարեցտարի Հայաստանի աղբյուրները է՛լ ավելի քիչ ջուրն են տալիս, սա ջրանջատման է հանգեցնում։
Ըստ ընկերության՝ ջրի սակավության պատճառներից է նաև լայն թափով շինարարությունը.
«Կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում կարող է առաջանալ ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ»:
Հենց սա հաշվի առնելով են առաջարկել նոր աղբյուրներից ջուր բերել, ինչին քաղաքային իշխանությունները դեմ են արտահայտվել։
«Վեոլիա»-ում նույնպես մեծ ներդրումների կարիք են տեսնում, շեշտում են՝ Երևանի, այլ քաղաքների ու գյուղական շատ բնակավայրերի ցանցերն անմխիթարական վիճակում են։
Հիմա հենց ներդրումային հնարավորությունների հարցն են քննարկում, որ հնարավոր լինի զսպել կլիմայական փոփոխությունների հետևանքով աղբյուրների նվազման տեմպը։
«Վեոլիա»-ից ընդգծում են՝ իրենց պարտավորությունը սահմանափակված է 15 տարվա ընթացքում ընդհանուր 45 միլիարդ դրամի պարտադիր կապիտալ աշխատանքներով՝ ամբողջ Հայաստանում, իսկ այլ բնակավայրերում հարցերը շատ ավելի սուր են, իրենք չեն կարող ներդրումներ կատարել միայն Երևանում։
Քաղաքապետարանը նաև հայտարարում է՝ վերջին տարիների կառուցապատումից, նոր փողոցների շինարարությունից հետո ընդլայնված ցանցը շատ դանդաղ տեմպերով է ընկերության սպասարկման գոտի մտնում, ավելացած նոր գույքի 95 տոկոսն առայժմ փաստացի անտեր է:
«Այստեղ ո՛չ բյուջե է պետք, ո՛չ գումարների ծախս. հետևողական մոտեցում, համալիր մոտեցում և կամք, որպեսզի այս նորաստեղծ ամբողջ գույքը հանձնվի Երևանում ջրամատակարարման-ջրահեռացման և հեղեղատար ջրերի սպասարկման միակ օպերատորին», - ընդգծում է Կամո Արեյանը:
Ընկերությունից արձագանքում են՝ իրենց պարտավորությունն է ծախսեր կատարել միայն այն գույքի վրա, որը ստացել են Կառավարության որոշմամբ։ Այսինքն նոր, ընդլայնվող ցանցի պատասխանատու հիմա փաստացի չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը վերանայելու «առաջարկներ է ներկայացրել կառավարություն»Մինչ կողմերը մեղքը իրար վրա են բարդում, քաղաքացիները նյութական մեծ վնասներ են կրում։ Գարնանային հեղեղներից երևանաբնակ Վարդուհի Սիմոնյանի տունն էր վնասվել, պատեր էին փլվել.... դիմումներ, հանդիպումներ, բայց կողմերից և ոչ մեկը ընտանիքին չի օգնել. - «Դիմում գրեցի քաղաքապետարան, ասացին՝ «Վեոլիա»-ն պետք է անի, իրենք էլ ասացին՝ չէ, հիմա մենք մեր միջոցներով անում ենք: Մենք մեր միջոցներով, մեր միջոցներով ասելով՝ բազմաթիվ ծախսերով, պարտքերով՝ էստեղից, էնտեղից, մենք պատրաստ չէինք էս չափի վնասի...»:
Միայն մինիմալ վերանորոգման համար մի քանի հազար դոլար է պետք, Սիմոնյանը հույս ուներ, որ գոնե մի փոքր կաջակցեն։ Կինն այժմ իրեն արհամարհված է զգում. - «Էս կարգի արհամարհել՝ միլիոնանոց ամբողջ տունը ջրի հետ գնա՝ բացարձակ ոչ մեկին չի հետաքրքրում: Թող մի ավտո ցեմենտ ուղարկեր պետությունը, ասեի՝ մարդու տեղ են դրել, էլի: Մի օր հոսանք, ջուր չվճարեմ՝ կանջատեն, գոնե մի բեռնատար քար բերեին»: