Վաշինգտոնը ողջունում է պատժամիջոցների պահպանման ուղղությամբ ԱՄՆ-ի հետ աշխատելու Հայաստանի հանձնառությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, 15-ը հունվարի. 2025թ.

Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողությունն ամրապնդելու, քաղաքականությունը համադրելու ու տեղեկատվություն փոխանակելու համար. սա երկու երկրների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության կետերից մեկն է:

Սրանք այն ապրանքներն են, որոնք կարող են նաև ռազմական նպատակներով օգտագործվել՝ միջուկային նյութերից, միկրոպրոցեսորներից մինչև նավիգացիոն սարքավորումներ ու լազերներ: Հայաստանն այդ տեսակի ապրանքներ արտադրող խոշոր երկիր չէ, բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքը տևական ժամանակ հայտարարում էր, որ նաև Հայաստանի միջոցով են Ռուսաստան արգելված ապրանքներ հասցնում: Թեման պարբերաբար նաև համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվում:

Կրեմլին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու տարատեսակ պնդումներին ի պատասխան Հայաստանի իշխանությունները հերքում էին մեղադրանքները: Բանը հասավ նրան, որ արևմտյան պատժամիջոցների ցանկերում նաև Հայաստանում գրանցված ընկերություններ հայտնվեցին, նախ ամերիկյան սանկցիաների տակ հայտնվեց էլեկտրոնիկայի առևտրով զբաղվող «ՏԱԿՈ» ընկերությունը, ապա քիմիկատների, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ-ն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվս մեկ հայկական ընկերություն՝ ամերիկյան պատժամիջոցների տակ

Այդ շրջանում ՝ 2023-ին Հայաստան այցելեցին պատժամիջոցների հարցերով զբաղվող ԱՄՆ և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս իրադարձություններից մի քանի ամիս անց կառավարությունն այդպիսի ապրանքների հսկողությունը խստացնող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց, այն ժամանակ դրանք էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն էր ներկայացնում:

Բլինքենը հայտարարել է՝ առաջիկայում մաքսային ու սահմանապահ ծառայության իրենց թիմն է Հայաստան գալու

Նախօրեին ստորագրված փաստաթղթի վերաբերյալ ամերիկյան կաղմի հաղորդագրության մեջ պատժամիջոցների մասին ուղիղ հիշատակում կա. Վաշինգտոնը ողջունում է պատժամիջոցների պահպանման ուղղությամբ Միացյալ Նահանգների և մյուս գործընկերների հետ աշխատելու Հայաստանի հանձնառությունը: Ի դեպ, Վաշինգտոնը նաև հայտարարում է՝ 2024-ի սեպտեմբերին արտահանման վերահսկողության աշխատանքային խումբ է ստեղծվել:

Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանց փակագծեր բացելու տեղեկացրեց՝ առաջիկայում մաքսային ու սահմանապահ ծառայության իրենց թիմն է Հայաստան գալու. - «Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մաքսային և սահմանապահ ծառայության մեր թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման, Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ՝ Eagle Partner-ի նման զորավարժությունների միջոցով»:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ սպասվող այցի շրջանակում ամերիկյան փորձից են սովորելու

Ստորագրված փաստաթղթի այս դրույթը հիմնականում հայկական կողմի կարողությունների զարգացմանն է վերաբերում, այսօր պարզաբանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, սպասվող այցի շրջանակում, ըստ նրա, ամերիկյան փորձից են սովորելու։

Նոյեմբերին ՊԵԿ նախագահ նշանակված Էդուարդ Հակոբյանը «Ազատության» հարցին ի պատասխան երկակի նշանակության ապրանքների վերաբերյալ վերջին որոշումներն է հիշեցնում ու հայտարարում, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ քննարկումներում բացատրում են, թե ինչ քայլեր է իրականացնում այս ուղղությամբ Հայաստանը:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ մենք չենք ուզում դառնալ մի երկիր, որը նման հոսքեր է սպասարկում, դա են հուշում մեր գործողությունները, որ տեղի են ունեցել թե՛ իրավական մակարդակով, թե՛ սահմանին գործողությունները», - նշեց Հակոբյանը:

Ի դեպ, ՊԵԿ նախագահն օրերս ԱՄՆ դեսպանին էր հանդիպել: Տարբեր հարցեր են քննարկել, օրինակ, սարքավորումների, մաքսային վերահսկողության ծրագրերի և այլնի հարցում ԱՄՆ աջակցությունը Պետական եկամուտների կոմիտեին: