Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կլինի, թե ոչ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն այսօրվա ճեպազրույցի ժամանակ չէր հստակեցրել, սակայն նշել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրեց խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։
Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։
Երևանը պաբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում գումարվում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան կողմին կհաջողվի՞ հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպել Վաշինգտոնում