Վաշինգտոնն օգնում է, որպեսզի Հայաստանը խիզախ քայլեր ձեռնարկի Ռուսաստանից հեռանալու հարցում, հայտարարում է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո ՀՀ-ի անվտանգության ապահովումը ձախողելուց հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից:
«Ռուսաստանը երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո և ձախողել այն, երբ Ադրբեջանը վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է Օ’Բրայենը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ Ելույթ ունենալով Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան երեկ նշեց, թե անցած ամիսներին ԱՄՆ պետքարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը նվիրված էր հենց Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելուն։ Այդ հանդիպման արդյունքներով, ինչպես հայտարարել են կողմերը՝ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել Երևանին առաջիկա 4 տարում 270 միլիոն եվրո, Իսկ Վաշինգտոնը 65 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին 4 տարում«Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է ՌԴ-ից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից», - հայտարարում էր Օ՛Բրայենը՝ Հայաստանի ձեռնարկած «խիզախ քայլերից» առանձնացնելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը։
«Դա իսկապես կարևոր է մի շարք պատճառներով։ Նախ, նրանք վերահսկում են միջազգային օդանավակայանը, և հենց այնտեղ է տեղի ունենում պատժամիջոցների շրջանցման մի մասը», - ասաց Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան։
Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական ներկայություն ունեցող մյուս երկրին՝ Ադրբեջանին անդրադառնալով՝ ամերիկացի պաշտոնյան նախ հայտարարեց, թե և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը միմյանց տարածքներից հատվածներ ունեն օկուպացրած՝ առանց մանրամասներ նշելու, ապա ընդգծեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը՝ հավաստիացնելով, որ այդ հարցում Վաշինգտոնը շարունակում է աջակցել կողմերին:
«Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կնքեն»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, որը շաբաթներ առաջ էր Հայաստան և Ադրբեջան այցելել, պնդեց, թե Երևանն ու Բաքուն փոքր-ինչ հիասթափված են կարգավորման գործընթացում Ռուսաստանի ներգրավվածությունից։ Օ՛Բրայենի խոսքով՝ Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կնքեն, հավելեց՝ կամ էլ փորձում է համոզվել, որ դա տեղի կունենա իր պայմաններով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհ. ի՞նչ ուղերձով է Օ՛Բրայենն այցելում ԲաքուԻսկ հակառակ դեպքում՝ եթե Երևանն ու Բաքուն ի վերջո խաղաղության հասնեն առանց Ռուսաստանի մասնակցության և ներգրավվածության՝ ոչ Մոսկվայի պայմաններով, ամերիկացի պաշտոնյայի խոսքով, կբացվի մի երթուղի, որը կնվազեցնի Կենտրոնական Ասիայի երկրների կախվածությունը Ռուսաստանից ու Չինաստանից, ինչպես նաև նորանոր դռներ կբացի դեպի համաշխարհային շուկաներին։
«Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և հենց հիմա համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակն, ըստ էության, Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ հասանելիություն համաշխարհային շուկաներին»,- հայ-ադրբեջանական խաղաղության անհրաժեշտության մասին խոսելիս շեշտում էր ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Բրյուսելում ենթադրում են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են հայտնվել. Politico
Մինչ այդ՝ թեև Երևանն ու Բաքուն խոսում են խաղաղության գործընթացում առաջընթացի մասին, զուգահեռաբար Ադրբեջանից Հայաստանին ուղղված մեղադրանքները չեն դադարում։ Անցած շաբաթ Ալիևի վարչակազմը հերթական անգամ Երևանին մեղադրեց սահմանի երկայնքով «սադրանքներ կատարելու» համար՝ սպառնալով գործի դնել իր ողջ զինանոցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը սպառնում է «իր ողջ զինանոցով», Հայաստանն արձագանքում է՝ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»Այս լարվածության, Բաքվից Հայաստանին ներկայացվող նորանոր պահանջների, սահմանազատման գործընթացում առաջընթացի բացակայության պայմաններում Բրյուսելում ենթադրում են, որ հայ-ադրբեջանական բանակցությունները փակուղում են հայտնվել։ Այս մասին գրել է Politico պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրները:
Եվրոպական դաշինքի ղեկավարության մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` այդ մտահոգություններից դրդված Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը նամակ է գրել կողմերին՝ որում կոչ է արել վերադառնալ բանակցություններին, «ավարտուն տեսքի բերել խաղաղության համաձայնագիրը», և առաջընթաց գրանցել չլուծված հարցերի շուրջ, որոնցից մեկը սահմանազատումն է:
«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի հնարավորության սահմաններում ամենը՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար», - ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը: