Երևանում ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. 18-ն ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտուբուս» ընկերության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից գործադուլ են անում՝ քաղաքապետարանից պահանջելով կատարել իրենց տրված խոստումը՝ 100-150 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը. սա, ըստ վարորդների, քաղաքային իշխանության նախնական խոստումն էր, սակայն հետո մտափոխվել են ու ժամավճար սահմանել։

Տասնյակ հազարավոր երևանցիների առավոտն սկսվեց ծանրաբեռնված կանգառներով և ժամերով հանրային տրանսպորտին սպասելով։ Ավտոբուսներն այդպես էլ երթուղի դուրս չեկան:

«Երևան ավտոբուսի» ղեկավարությունը գործադուլ հայտարարած վարորդներին վաղ առավոտյան մեկ բան է ասել. - «Բոլոր վարորդներին ազատեցին, ասում են՝ եթե չեք ուզում աշխատել այդ պայմանով, ուրեմն ազատված եք»:

Վարորդներն աշխատանքային պայմանագիրն էին մեջբերում, նկատում՝ իրենց պարտականությունը անվտանգ ուղևորափոխադրում իրականացնելն է, մինչդեռ կենցաղային հարցերը ևս են իրենք լուծում:

Վարորդների գործադուլից մեկ ամիս առաջ քաղաքապետարանն արգելել էր նրանց առձեռն գումար վերցնել ուղևորներից, ընթացքում էլ պարբերաբար ստվերից դուրս եկած միլիոնավոր դրամների մասին էին հայտարարում՝ առանց հստակ նշելու՝ արդյոք այդ գումարները վարորդներն էին գրպանում։

Հենց գործադուլի ընթացքում քաղաքապետարանն անցավ պատժիչ գործողությունների. 18 վարորդ է արդեն աշխատանքից ազատվել, հիմքերի մասին քաղաքապատարանից մանրամասներ չեն ներկայացնում: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հեռացած վարորդներին դատարանի տեղն է հուշում, եթե խախտվել են նրանց աշխատանքային իրավունքները: Մինչ այս քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր հայտարարել՝ կոմպրոմիսի չեն գնալու, շանտաժի չեն տրվելու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

Քաղաքապետարանը գործադուլ անող վարորդներին նաև քրեական պատասխանատվությամբ է զգուշացրել: Զգուշացումն իրեն սպասել չտվեց:

«Ես արդեն համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, որպեսզի նախաքննություն իրականացվի ու պարզվի՝ արդյոք մենք այստեղ գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ», - ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Քաղաքային իշխանությունը պնդում է, որ վարորդների գործադուլի ետևում իրենց կողմից սկսած ստվերի դեմ պայքարն է։

Գործադուլը թեև սահմանադրական իրավունքն է, միևնույն է, փոխքաղաքապետը հորդորեց վարորդների գործողությունը գործադուլ չորակել՝ նկատելով, որ օրենքի պահանջն է գործադուլի մտադրության մասին 14 օր առաջ գրավոր զգուշացնելը։

Ով չի ուզում աշխատի, թող դիմում գրի, այլ վարորդներ կաշխատեն, հայտարարեց Սուրեն Գրիգորյանը, սակայն դեռևս հստակ չէ՝ կան վարորդներ, որոնք պատրաստ են շարունակել աշխատանքը: Քաղաքային իշխանությամբ վստահեցմամբ՝ տրանսպորտային ցանցի առնվազն կեսն աշխատում է, թեև փողոցների պատկերն այլ բան են հուշում՝ 20 րոպեն մեկ երթեևության մեջ մեկ ավտոբուս է նկատվում:

Վարորդները շարունակում են գործադուլը, քաղաքային իշխանություն էլ հայտարարում՝ նրանց հետ բացառում են քննարկումն, առավել ևս աշխատավարձի բարձրացումը: