Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են անում աշխատավարձերի բարձրացման պահանջով

Վարչական դատարանի աշխատակիցներն այսօր գործադուլ են անում։ Դատական դեպարտամենը մեկնաբանում է՝ նրանք աշխատավարձերի բարձրացում են պահանջում։

Դատական իշխանությունը դեռևս 2023-ից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս խնդիրը, հայտնում է Դատական դեպարտամենտը՝ նշելով, որ «դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում»։

«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը», - ասված է հայտարարությունում:

Վարչական դատարանի խոսնակ Աբրահամ Աբրահամյանն այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հարցին, թե քանի՞ աշխատող է գործադուլ անում, և ի՞նչ խնդիրներ է այն այս պահին ստեղծել դատարանում։

Նա ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները պատրաստ են տալ գրավոր նամակի դեպքում։