Վանաձորում բնակիչները պնդում են՝ թույլ չեն տալու իրենց շենքին հարակից ապօրինի շինարարությունը

Վանաձորի կայարանի հարևանությամբ Մոսկովյան 62 շենքի բնակիչները առավոտ արթնացել ու իրենց պատուհանի տակ աշխատող տրակտոր են տեսել։ Շինարարներին հարկադրել են հեռանալ տարածքից, բայց վստահ չեն, թե նորից հետ չեն գա։

«2 ու կես մետր հեռավորություն է իմ բալկոնից», - ասում է բնակիչը, մյուսը հավելում. - «Սեփականատերը, որ ապօրինի գործողություններ է սկսել կատարել, իրեն ամբարտավան է պահում՝ բնակիչներին սպառնալով, որ ինքն իր նպատակին կհասնի»։

Աիդա Մելիքյանն առաջին հարկում է ապրում։ Ասում է՝ շինությունը կառուցեն, ամենաշատն իր ընտանիքը կտուժի, լույսի երես չեն տեսնի։

Տարածքում ոչ ցուցանակ կա, թե ինչ է կառուցվելու, ոչ էլ բնակիչներին որևէ տեղեկություն տվող է եղել։ Հարևան շենքի բնակիչներից մեկն է ներկայացել որպես տարածքի սեփականատեր։ Բայց, հարևանների պնդմամբ, շինարարությունը թույլատրող որևէ փաստաթուղթ ցույց չի տվել։

Համայնքապետարանից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին, թե այս տարածքում շինարարություն չեն թույլատրել, բայց հողային աշխատանքների թույլտվություն տվել են։

«Նշված հասցեում տրվել է թույլտվություն՝ կատարելու հողային աշխատանքներ։ Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը և ոլորտային պատասխանատուները բնակիչներին տեղեկացրել են այս մասին ու նշել, որ տվյալ հասցեում շինարարական աշխատանքների թույլտվություն ստանալու մասին ոչ մի դիմում չի եղել, հետևաբար շինարարություն իրականացնելու թույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել», - ասված է պատասխանի մեջ։

Թե ի՞նչ է նշանակում հողային աշխատանք առանց շինարարական թույլտվության, Վանաձորի գլխավոր ճարտարապետի տեղակալ Արմեն Ալավերդյանն այդպես էլ չպարզաբանեց։

Արդյոք շենքից ընդամենը 2.5 մետրի վրա գտնվող մայթը սեփականաշնորհված է, արդյոք հողային աշխատանքը չի ենթադրում, որ հետո նաև շինարարություն էր ընթանալու, ու արդյոք կարող էին տրակտոր բերել այստեղ առանց տեղի իշխանությունների համաձայնության։ Հարցեր են, որ այդպես էլ մնացին անպատասխան։

Վիճահարույց տարածքի ենթադրյալ սեփականատիրոջը գտնել չհաջողվեց։ Բնակիչները, միևնույնն է, պնդում են, որ սեփականատեր ներկայացած Էդմոն Ղազարյանը վստահ էր, թե ի վերջո շինարարությունն անելու է. - «Ես, ասում է, պիտի բերեմ, քանդեմ, ինչ ուզում եք՝ արեք»։

Բնակիչներն ասում են՝ բողոքը դատախազություն, ընդհուպ երկրի ղեկավարին կհասցնեն և բարձրահարկ շենքի պատուհանների տակ ևս մեկ անօրինական շինություն թույլ չեն տա։

Ի դեպ, շինարարություններին առնվող գործընթացները վերահսկող Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը պաշտոնավարում է 2016 թվականից, օրերս կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով, մեղքը չի ընդունում։ Նրա տեղակալը, որ այժմ կատարում է կալանավորված վերադասի պարտականությունները, հրաժարվում էր պատասխանել հարցերին՝ նաև պնդելով, թե նոր է այս պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում