Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կալանավորված պետի գործը հասել է դատարան: Համայնքի քաղաքաշինական թույլտվությունների տակ ստորագրող պաշտոնյան՝ Սուրեն Աբովյանը, մեղադրվում է 30 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վանաձորի կալանավորված գլխավոր ճարտարապետը չի ընդունում մեղադրանքըՁերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետըԸստ քրեական վարույթի, մեղադրյալ են նաև ճարտարապետին առերևույթ կաշառք տված երեք գործարարներ, ինչպես նաև կաշառքի գործին միջնորդած «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» շինարարական կազմակերպության սեփականատերը:
Աբովյանն արդեն երեք ամիս կալանքի տակ է, մյուս մեղադրյալները բացակայելու արգելքով ազատ են արձակվել:
Կալանավորված բաժնի պետի փաստաբանն այսօր հրաժարվեց հարցազրույցից, միայն նշեց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Չնայած դատական գործում իրեղեն ապացույց ճանաչված երեք կնիքված փաթեթ կա, որոնք առգրավել են պաշտոնյայի աշխատասենյակը խուզարկելիս: Ենթադրաբար՝ դա հենց կաշառքի գումարն է, որը, ըստ քրեական վարույթի, փոխանցել են Սուրեն Աբովյանին:
Դատական գործի հակիրճ նկարագրության մեջ նշված է, որ վանաձորցի Ռուբեն Հովհաննիսյանը մեկ միլիոն դրամի, Բագրատ Դարբինյանը՝ 3 միլիոն դրամի, իսկ Բազում գյուղի բնակիչ Կամո Գևորգյանը՝ 20 հազար դոլարի կաշառք են տվել համայնքապետարանի պաշտոնյային:
Ռուբեն Հովհաննիսյանը խանութի սեփականատեր է, Բագրատ Դարբինյանը՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերը, իսկ ամենամեծ՝ 20 հազար դոլարի կաշառքի համար մեղադրվող Կամո Գևորգյանը Բազում գյուղում շինարարական կազմակերպություն ունի:
Վերջինս «Ազատությանն» ասաց՝ համայնքապետարանի ճարտարապետության բաժի պետին դիմել է իրենց գյուղում հողատարածք սեփականաշնորհելու, դրա վրա ատամնաբուժարան կառուցելու թույլտվության ու շինարարական նախագծի դիմաց: Դրա համար պաշտոնյան Կամո Գևորգյանից, ըստ վերջինիս, 20 հազար դոլար է պահանջել:
«Հաշվարկն արեց, ինձ ասեց՝ մի չնչին բան ա մնում, ոնց որ մի հաց ուտելու փող՝ իր ասած բառերը, ոնց որ «տղեքով, չարչարվողներով գնանք մի կտոր հաց ուտենք»: Ես նույն ձևի բացատրություն եմ տվել էնտեղ, ինքն էլ չի հրաժարվել: Ես ատամնաբուժարան էի ուզում սարքեմ տղուս համար՝ բժիշկ ա տղես, երկրորդ հարկն էլ ասի գեղեցկության սրահ սարքեմ, էդ մուսըռի, կեղտի մեջին մի հատ գեղեցիկ ասի շենք սարքեմ: Էն էլ էդ տղեն բռնվեց, էս ամբողջը տենց խառնվեց», - պատմեց Կամո Գևորգյանը:
Նա վստահ է, որ Սուրեն Աբովյանին վճարված գումարի հիմնական մասը սեփականաշնորհման ու կառուցապատման իրավունքի պետական վճարներն են: Թե ինչպես է պատահել, որ պաշտոնյան պատրաստ է եղել համայնքային հողատարածքն առանց աճուրդի բազումցի գործարարի սեփականությունը դարձել, Գևորգյանը դրա պատասխանը չունի, բայց ասում է՝ Աբովյանից անհերքելի հավաստիացում է ստացել, որ այդ հողակտորն ու կառուցապատման իրավունքը բազումցի գործարարն ամիսների ընթացքում կստանա:
«Ես դաժե գումարը անմիջապես իրան եմ տվել, գումարը տալուց առաջ ես իրան հարցրի, ասի՝ կենտրոն տեղ ա ճանապարհի վրա, նենց չլի, որ գործի ժամանակ գան գլխիս կայնեն, ես քաշքշուկի մեջ ընկնեմ, պրոբլեմների մեջ ընկնեմ, ապօրինի ասի բան-ման չլնի: Թե՝ «չէ, ախպեր, ապօրինի չի էլ կարա ըլի, չերեզ Երևան սաղ ակուրատնի արվում ա, ապօրինի հնարավոր էլ չի անել»՝ իրա ասած բառերը: Փողը տվել եմ, թողել էկել, ասել եմ՝ «սպասում եմ քո խաբարին», - մանրամասները փոխանցեց Գևորգյանը:
Ավելի վաղ մյուս մեղադրյալը՝ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն «Ազատությանն» ասել էր՝ Վանաձորում գլխացավանք է գործ ունենալ համայնքապետարանի հետ, ու հաճախ ստիպված են «մաղարիչ» անել պաշտոնյաներին, որ գործն առաջ գնա:
Գործարարը պատմել էր, որ «Գլորիա» ֆաբրիկային կից՝ իր սեփական հողատարածքում, ֆաբրիկայի համար պահեստ է կառուցել, փաստաթղթավորումը պատվիրակել գործին տեղյակ շինարարական կազմակերպությանը, որ իր փոխարեն վերահսկեն գործընթացն ու պետական դռներ ծեծեն։ Ընկերությունն էլ իր վճարած գումարի մի մասը՝ 3 միլիոն դրամը, տվել է համապատասխան բաժնի պետ Սուրեն Աբովյանին՝ որպես «մաղարիչ»:
«Դե հիմա բոլորը երևի չգիտեն, ես գիտեմ, որ շատ դժվար ա քաղաքապետարանում էդ ճարտարապետական բաժնում էդ թղթաբանությունը՝ հերթեր, ժամանակի կորուստ, ներվերի կորուստ: Ինչի՞ ես տալի՝ որովհետև արդեն զզվում ես՝ էնքան ձգձգում են, ստիպված ասում ես՝ ախպեր, է, տանեմ սրան-նրան մի հատ խնդրեմ, կամ ռեստորանում պատիվ տամ՝ առաջ գնա: Էն ներքին օղակը, ընդ որում՝ համատարած չի դա», - ասել էր Դարբինյանը:
«Մաղարիչից» հետո ավելի քան 2400 աշխատատեղ ու Եվրոպայից բազմաթիվ պատվիրատուներ ունեցող գործարարը փաստի առաջ է կանգնել։ Մի կողմից ընդունում էր՝ օրենք է խախտել, մյուս կողմից համոզված էր՝ չխախտեր՝ շինարարությունն ու դրա ավարտական ակտն ստանալը նյարդեր ու քաշքշուկներ էր արժենալու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փոքրիկ մաղարիչ էր, ոչ թե կաշառք». «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերԹե ինչ պատիժ կսահմանի դատարանը առերևույթ կաշառք տվողներին ու ստացողին, հայտնի չէ: Երկու օրից դատական նիստ է նշանակված:
Գործի միակ կալանավորվածը՝ համայնքապետարանի բաժնի պետ Սուրեն Աբովյանն արդեն երեք տարի մեղադրյալ է նաև մեկ այլ կոռուպցիոն գործով, ըստ որի՝ նա նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին աջակցել է անօրինական որոշումներ կայացնել:
Սուրեն Աբովյանը Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության բաժինը ղեկավարում է 2016 թվականից: «Ազատություն»-ը պարզել էր, որ համայնքապետարանը Վանաձորում իրականացվող գրեթե բոլոր շինարարական ծրագրերի նախագծերը Սուրեն Աբովյանի հիմնադրած ու այժմ նրա ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությանն է պատվիրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ են Վանաձորում տարիներ շարունակ համայնքային ծրագրերի նախագծերը վստահվել գլխավոր ճարտարապետի հիմնած ընկերությանը