ՌԴ և ԱՄՆ ԳՇ պետերն «անսովոր զրույց» են ունեցել»

Չարլզ Բրաուն, Վալերի Գերասիմով

ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն անցած շաբաթ «չափազանց արտասովոր» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ (համապատասխանում է ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին), գեներալ Չարլզ Բրաունի հետ, հաղորդում են ABC-ին և The New York Times-ը։

Ըստ ABC-ի՝ Գերասիմովը նոյեմբերի 27-ին է զանգահարել Բրաունին և զգուշացրել Միջերկրական ծովում ռուսական նավերից հիպերձայնային հրթիռների առաջիկա փորձարկումների մասին։

Դեկտեմբերի 3-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ փորձարկումը տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։

Ըստ New York Times-ի՝ Գերասիմովն իր ամերիկացի գործընկերոջն ասել է, որ նոր՝ «Օրեշնիկ», հրթիռի փորձարկումը ծրագրվել է շատ ավելի վաղ, քան Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներն օգտագործել ՌԴ տարածքի թիրախները խոցելու համար։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «Օրեշնիկ»-ի արձակումը ներկայացրել էր որպես պատասխան հարված ռուսական տարածքում Ուկրաինայի կողմից ամերիկյան ATACMS-ի կիրառման։

The New York Times-ը նշում է, որ Բրաունի մամուլի քարտուղար Ջերիլ Դորսին հաստատել է Գերասիմովի հետ հեռախոսազրույցը, միևնույն ժամանակ շեշտել, որ Գերասիմովի խնդրանքով զրույցի բովանդակությունը Պենտագոնը չի հրապարակում։

ABC-ն և New York Times-ը զրույցից մանրամասներ են հայտնում՝ վկայակոչելով Պենտագոնի անանուն աղբյուրները։

Մոսկվան հեռախոսազրույցի մասին ոչինչ դեռ չի հաղորդել, նշում է BBC-ն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչի դիմաց և ինչպես է Պուտինը պատրաստ գնալ հրադադարի․ Reuters