Այսօր վաղ առավոտյան ոստիկանները Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի Հանրապետության հրապարակի հատվածից բռի ուժով բերման են ենթարկել ցուցարարներին՝ ցրելով ցույցը։
Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ նոյեմբերի 28-ին և 29-ին բերման է ենթարկվել ընդհանուր 43 մարդ՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։
ՆԳՆ-ն հաղորդել է նաև 13 վիրավոր ոստիկանի մասին։
Վառ առավոտյան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Գրուզիան» հայտնել էր, որ այսօր «Վրաստանի հասարակական կազմակերպությունների թեժ գծին տեղեկություն է ստացվել 16 մարդու մասին, որոնցից 4-ը գտնվում են հիվանդանոցում, իսկ 12-ը դեռ չեն տեղափոխվել մեկուսարաններ»։
Նշվում է, որ ոստիկանական գործողություններից նաև լրագրողներ են տուժել։
Վրաստանում բողոքի ցույցերը նոր թափ հավաքեցին երեկ վարչապետի հայտարարությունից հետո։ Իրակլի Կոբախիձեն ասաց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։
Ցուցարարներն այս որոշումը դավաճանություն են համարում երկրի շահերին, ինչպես նաև Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է եվրաինտեգրման ցանկությունը։ Նրանց կարծիքով՝ նման գործողությունները վտանգում են Վրաստանի ապագան և ոչնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը։
Երեկվանից ցուցարարները Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում վարչապետի հայտարարությունը բողոքի ցույցերով է ընդունվել (լուսանկարներ)