Մայիսի 23-ին ու 24-ին ուժգին փոթորիկները ու ջրհեղեղները ավերածություններ են գործել ԱՄՆ-ի Թեքսաս, Քանզաս ու Օկլահոմա նահանգներում:
Տարբեր հատվածներում անբարենպաստ եղանակը դեռ շարունակում է վտանգավոր լինել մարդկանց կյանքի համար: Մի քանի մարդ զոհվել և մի քանիսն էլ անհետ կորել են:
Շաբաթ օրը պտտահողմերը ու ջրհեղեղները ԱՄՆ-ի Թեքսաս ու Օկլահոմա նահանգներում մի շարք բնակավայրեր ավերակների կույտի են վերածել, որոնց տակ կարող են գտնվել նաև մարդկային զոհեր: Օքլահոմայում հայտնի է առնվազն երեք զոհերի մասին, որոնցից մեկը փրկարար է եղել: Նա փորձել է փրկել ջրհեղեղի պատճառով իրենց տանը փակված բնակիչներին, սակայն ընկել է որոգայթի մեջ ու մահացել: Մեկ այլ փրկարար, փորձելով օգնել նրան, նույնպես ընկել ոլորագալար ջրերի մեջ, սակայն մեծ ջանքերի շնորհիվ, վնասվածքներով կարողացել է փրկվել:
Ջրհեղեղները առաջ են եկել աննախադեպ տեղումների հետևանքով, որոնք գերազանցել են Թեքսասում, Քանզասում ու Օքլահոմայում տեղումների երբևէ գրանցված մակարդակը: Շատ մեքենաներ մնացել են գահավիժող ջրերի տակ, որոշ վարորդների հաջողվել է փրկել միայն ուղղաթիռներով:
Անողոք եղանակի պատճառով հսկայական տարածքներ ծածկվել են ջրով, երթևեկությունն ու հասարակական ծառայությունները խաթարվել են: Ջրի մակարդակը այնքան բարձր է եղել, որ բազմաթիվ մարդկանց տներից տարհանել են ուղղաթիռների ու մոտորանավակների օգնությամբ:
Միայն Թեքսասի Հյուսթոն քաղաքի մերձակայքում դեռևս անհայտ է մնում 12 մարդկանց ճակատագիրը: Մի քանի հազար մարդ գտնվում է տարհանման ճամբարներում: Փոթորիկը ու հորդառատ անձրևները գալիս են Մեքսիկական ծոցի շրջանից ու շարժվում դեպի ԱՄՆ-ի արևելյան ափ՝ նոր մտահոգություններ առաջացնելով բնակչության ու պետական մարմինների համար: