Դատվածության ցուցանիշն իջեցնելու շուրջ քննարկումներ ԱՄՆ-ում

Ավելի քան 2 միլիոն դատապարտված անձանց թվով Միացյալ Նահանգները աշխարհում այսօր զբաղեցնում է առաջին տեղը։

Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը հաճախ քննադատում են ԱՄՆ-ին ամենաշատ բանտարկյալներ ունենալու համար: Նրանք նշում են, որ ոչ բռնի հանցագործությունների դեպքում ԱՄՆ-ի դատարանները հետևողական կերպով երկարատև ազատազրկման մասին դատավճիռներ են կայացնում:

1998 թվականին Լորենս ու Լամոնթ Գարիսոն երկվորյակ եղբայրները դատապարտվել էին կոկաինի տարածման մեղադրանքով: Չնայած մեղմացուցիչ հանգամանքներին՝ նրանք բանտում են անցկացրել համապատասխանաբար 12 ու 14 տարի։ Սակայն փորձագետները նշում են, որ նման հանցագործության համար դատավորները սովորաբար պիտի կայացնեն մինչև 5 տարի ազատազրկման մասին վճիռներ։ Ցայսօր Լամոնթ Գարիսոնը պնդում է իր անմեղությունը:

Իրավապաշտպանները հաճախ մեղադրում են ԱՄՆ-ին արդարադատության հիմնարար սկզբունքները խախտելու ու անհամաչափ խիստ պատիժներ կայացնելու մեջ։

Շահույթ չհետապնդող «Դատապարտումների նախագիծ» անվանումը կրող կազմակերպության գործադիր տնօրեն Մարք Մաուրի խոսքերով, դատապարտման տարիների աճ էր նկատվել դեռևս 1970-ականներին, սակայն հանցագործությունների դեմ պայքարի կարծր մոտեցումների պատճառով դրանց թիվը նկատելիորեն աճել էր հատկապես 80-ականներին:

Նպատակը բռնի հանցագործությունների դեմ ուժեղ պայքար սկսելն էր։ Սակայն դրա արդյունքում սկսվեց խիստ պատիժների կիրառումը նաև ոչ բռնի հանցագործությունների ու թմրամիջոցների առևտրի հետ կապված հանցագործությունների դեպքում։ Դրանից 30 տարի անց ԱՄՆ-ում ազատազրկվողների թիվն աճեց հինգ անգամ: Ավելի քան 2 միլիոն դատապարտված անձանց թվով ԱՄՆ-ը աշխարհում այսօր զբաղեցնում է առաջին տեղը։

Մարք Մաուրը շեշտում է, որ մարդկանց բանտ ուղարկելով՝ տուժում են ոչ միայն տվյալ անձինք, այլ նաև նրանց ընտանիքների անդամները։ Բացի այդ, բազմաթիվ բողոքները հիմք են հանդիսացել բարեփոխումների կոչերի համար: Ըստ «Ամերիքըն էնթըրփրայզ» հաստատությունը ներկայացնող Մայքլ Բարոնի՝ պահպանողականները փնտրում են իրավիճակը բարելավելու ուղիներ ու կարծում, որ դատավճիռների թուլացման ու պատժաժամկետները կրճատելու դեպքում կամրապնդվեն ընտանեկան կապերը: Ըստ Մարք Մաուրի՝ կարելի է դատավճիռ կայացնել 20 րոպեում, սակայն երբեմն 20 տարի է պահանջվում դրա բացասական հետևանքները չեզոքացնելու համար:

ԱՄՆ-ի Կոնգրեսում այսօր մեծաթիվ դեմոկրատներ և հանրապետականներ են ընդունում պատժաժամկետները կրճատելու պահանջը։ Սակայն դրա վերաբերյալ որոշում կարող է կայացնել հանրապետականների գերակայությամբ գործող հաջորդ գումարման Կոնգրեսը: