Հրետակոծումը Դոնեցկ քաղաքի շրջանում և ՆԱՏՕ-ի զեկույցը Ուկրաինայում և սահմանամերձ հատվածում ռուսական ուժերի լուրջ ռազմական կուտակումների վերաբերյալ Կիևի իշխանություններին մղում է պատրաստվելու անջատողականների հետ մարտերի վերսկսման մի նոր փուլի:
ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Էրիկ Ռուբինը հայտարարել է, որ գնալով համոզվում է, որ անհրաժեշտ է վերադառնալ Մինսկի խաղաղության ծրագրերին՝ հաստատելով զինադադար ու միջանկյալ ապառազմականացված գոտի և արտասահմանյան վարձկաններին դուրս բերելով Ուկրաինայից: Ըստ նրա՝ ԱՄՆ համաձայնագիր ունի Ռուսաստանի հետ, որը մեծամասամբ անտեսվում է՝ իրականացվելով մեծ վերապահումներով: Նա գտնում է, որ ծայրահեղ կարևոր է վերադառնալ Մինսկի համաձայնագրի պահանջներին, և մի շարք հետադարձ քայլեր անել, որը հնարավորություն կտա արագորեն կրճատել լարվածությունը և վերջ դնել բռնություններին ու ճանապարհ հարթել դեպի փոխզիջում, որը ընդունելի կլինի բոլորի համար:
Սակայն ըստ հանրապետական կոնգրեսական Սթիվ Սթոքմանի՝ պետք չէ կենտրոնանալ Մինսկի ձախողված զինադադարի վրա՝ անտեսելով ուկրաինական ուժերին զինելու կարևորությունը:
«Ես հավատացած եմ, որ պետքարտուղարությունը և նախագահը սխալվում են՝ կարծելով, թե լռությունը ավելի լավ է: Դա սխալ է ուկրաինական ժողովրդի հանդեպ, ով հայցում է ազատություն, իսկ մեր նախագահը անտեսում է դա», - ասել է կոնգրեսականը:
Ըստ Ամերիկյան համալսարանի դասախոս Քիթ Դարդենի՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասում է, որ ինքը տրամադրված է գտնելու ուղիներ վերջ տալու հակամարտությանը: Սակայն դա ըստ երևույթին նախատեսում է այլ համաձայնագիր, քանզի Մինսկինը չի գործում: Ըստ նրա, եթե ԱՄՆ-ը սևեռվի Մինսկի կարևորության վրա և բոլոր կողմերից պահանջի պահպանել այն, ոչինչ չի փոխվի, քանզի բոլոր կողմերը խախտում են այն՝ իրենց շահերից ելնելով: Եթե ԱՄՆ-ը կառչի այդ թղթի կտորին, առանց փորձելու զարգացնել այն և դիվանագիտական լուծումներ բանեցնելու, ապա սպասեք տագնապալի իրավիճակի:
Այնուամենայնիվ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ հետ, պնդում է, որ Մինսկի համաձայնագիրը մնում է իբրև լավագույն հնարավորություն՝ կանխարգելելու մարտերի ծավալումը:
«Մենք գործ ունենք անելու, ոչ միայն Մինսկի համաձայնագիրը հարգելու, այլև այն քայլ առ քայլ իրականացվելու առումով», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է գերիների փոխանակում իրականացնել և ապառազմականացնել ուկրաինա-ռուսական սահմանամերձ գոտին: