Ռասայական հողի վրա լարվածության սրումը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները հետաքննություն են անցկացնում աֆրոամերիկացիների և ոստիկանության միջև վերջերս տեղի ունեցած խժդժությունների վերաբերյալ:

Ռասայական խմբերի միջև բարձր լարվածությունը պահպանվում է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիզ քաղաքի արվարձաններում, ուր օրեր առաջ անզեն սևամորթ պատանի էր սպանվել, ենթադրաբար՝ մի սպիտակ ոստիկանի կողմից:

Քաղաքացիական իրավունքների պաշտպաններն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանգստության կոչ են արել բնակչությանը: Դաշնային իշխանությունները հետաքննություն են անցկացնում աֆրիկյան ամերիկացիների և ոստիկանության միջև վերջերս տեղի ունեցած նաև այլ խժդժությունների վերաբերյալ:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել Ֆերգյուսոնում, Միսսուրի նահանգում՝ ցրելու վրդովված ցուցարարներին: Սենթ Լուիզից դուրս գտնվող հիմնականում աֆրոամերիկյան այս արվարձանը դարձել է ռասայական լարվածության օջախ, ինչ 18-ամյա Մայքլ Բրաունը սպանվեց ոստիկանի կրակոցից: Ականատեսները պնդում են, որ Բրաունը անզեն էր:

Զոհի մայրը՝ Լեսլի ՄըքՍպադենը, պատասխաններ է ակնկալում որդու սպանության վերաբերյալ: «Իմ որդին չի նախաձեռնել սա, ինչ-որ մեկը պարզապես կրակել ու սպանել է նրան», - ասում է նա:

Նրա մահվամբ դրդված ցույցերը վերածվեցին կատաղի բռնությունների. խանութները թալանվում էին, շենքերը՝ այրվում:

Նախագահ Օբաման Բրաունի մահը կսկիծով լի է անվանել և խնդրել է հանրությանը պատվել երիտասարդին ցավակցության, մտորումների և փոխըմբռնման միջոցով: Ալ Շարփթոնը և այլ քաղաքացիական իրավունքների առաջավարները նույնպես խաղաղվելու կոչեր են արել:

Ֆերգյուսոնի ոստիկանապետ Թոմաս Ջեքսոնը չի հրապարակել այն սպայի անունը, ով անվտանգության նկատառումներով կրակել է Բրաունի վրա: Ոստիկանները մեծավ մասամբ սպիտակամորթ են, և վկաները պնդում են, որ կրակող սպան էլ էր սպիտակամորթ:

Ոստիկանապետ Ջեքսոնը հայտարարել է, որ փոխհրաձգությունների հանգամանքները դեռևս հետաքննության ընթացքի մեջ են, և ոստիկանները փորձում են նվազեցնել հանցագործությունները համայնքում:

Հետաքննությունների դաշնային բյուրոն սկսել է քաղաքացիական իրավունքների հետաքննություն Բրաունի մահվան կապակցությամբ: Վերջին միջադեպում ոստիկանությունը մեղադրվել է աֆրոամերիկացիների դեմ անհամաչափ ուժ օգտագործելու մեջ:

Նյու Յորքում դատախազները հետաքննում են նաև Էրիկ Գառների գործը, որը մահացել է ձերբակալումից հետո: Տեսահոլովակը ցույց է տվել, որ սպան բռնություն է կիրառել Գառների նկատմամբ, որը արգելված է ոստիկանության կանոնակարգերով: Ոստիկանության հանձնակատար Ուիլյամ Բրաթոնը ընդունել է, որ ըստ վարչության պարեկապահակային ուղեցույցի սահմանման դա եղել է իրավախտում:

Իրավական վերլուծաբանները ասում են, որ դաշնային դատախազները կարող են քաղաքացիական իրավունքների մեղադրանք հարուցել ընդդեմ ոստիկանների:

Ինչևէ, ավելի մեծ բողոքի ցույցեր են սպասվում Նյու Յորքում և Միսսուրիում՝ երկու դեպքերում էլ արդարություն հաստատելու պահանջով: