«Պայքարիր 15-ի համար» վերտառությամբ շարժումը մտադիր է տարածվել ԱՄՆ-ով մեկ՝ ժամում 7.25 դոլարի նվազագույն աշխատավարձի մակարդակը 15 դոլարի հասցնելու նպատակով։
«Մըքդոնալդս»-ի, «Սըբուեյ»-ի, «Բուրգերքինգ»-ի և արագ սննդի ոլորտի այլ ընկերությունների խոհարարները ու վաճառողները երթով գնում են Նյու Յորքի քաղաքապետարան՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում մինչև ժամում 15 դոլարի: Նրանցից շատերը ասում են, որ ստիպված են երկու տեղ աշխատել՝ գոյատևելու համար:
Շատերը պնդում են, որ ստանում են ժամում 8 կամ 9 դոլար, սակայն դրանով հնարավոր չէ բարելավել իրենց սոցիալական վիճակը։ Նման կարգի աշխատավարձ ստացողները պնդում են, որ չեն հասցնում վճարել անգամ իրենց բնակարանների վարձը և գնել բավարար սնունդ։
Ցուցարար Ալվինը Մայորը նշում է, որ շաբաթական աշխատում է 40-50 ժամ և հազիվ է կարողանում տալ իր վարձավճարը ու ստիպված է օգտվել կառավարության օգնությունից որոշ սնունդ ձեռքբերելու համար: Նա պնդում է, որ մինչ իր Նյու Յորք գալը աշխատել է Դանիայում՝ «Մըքդոնալդս»-ում և ստացել 20 դոլար ժամավճար։ Մայորը հարցնում է՝ ինչո՞ւ Դանիայում «Մըքդոնալդս»-ը վճարում է 20 դոլար, իսկ Նյու Յորքում՝ 8:
Նման բողոքի ցույց անցավ նաև Չիկագոյում, որտեղ նվազագույն աշխատավարձը կազմում է 8.25 դոլար։ Չիկագոյում մեկ սենյակի վարձավճարը կազմում է ամսեկան 850-1000 դոլար: Շատերըչեն կարող անգամ բժշկի կամ ատամնաբույժի դիմել, քանի որ աշխատատեղը իրենց բժշկական ապահովագրություն չի տալիս ու ցածր է վճարում:
Մի քանի օրից Չիկագոյի քաղաքային խորհուրդը պետք է քվեարկի, թե արդյոք նպատակահարմար է2019 թվականին նվազագույն աշխատավարձը դարձնել ժամում 13 դոլար։
Փոքր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ չեն կարող նման բարձրացում ապահովել առանց սուբսիդավորման: Գործարարները ասում են, որ իրենք ու հատկապես խանութպանները ստիպված են լինելու թանկացնել ծառայությունները, եթե նման բարձրացում տեղի ունենա: